
Ամիսներ առաջ մենք գրել էինք, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը վերջին ամիսներին ամեն բան անում է, որպեսզի Մոսկվայում աջակցեն այն նախագծին ու թիմին, որն ինքը ներկայացնում է։ Սակայն բոլոր հարթություններում նա տապալվել է։
Հետաքրքիր պատկեր է բացվում Մինասյանի ներկայացրած թիմի առումով։ Ըստ նրա՝ թիմի առաջին դեմքերն էին լինելու Արման Թաթոյանը, Դավիթ Անանյանը, Լևոն Զուրաբյանը և Ռուբեն Մխիթարյանը։ Մինասյանը Մոսկվայում պնդել է, որ նշված բոլոր գործիչների հետ արդեն համաձայնության է եկել, և եթե ռուսական կողմը հավանություն տար, ապա այս մարդկանցով կստեղծվեր նոր կուսակցություն, որի ղեկավար կդառնար Արման Թաթոյանը։
Մոսկվայում, ինչպես արդեն նշեցինք, մերժել էին Մինասյանին, սակայն չէին առարկել հանդիպել Արման Թաթոյանի հետ, քանի որ նա՝ ըստ ռուսական որոշ հարցումների, որոշակի ռեյտինգ ունի։ Ֆորմալ առումով Թաթոյանը Մոսկվա է հրավիրվել համալսարաններից մեկում դասախոսություն կարդալու, ինչից հետո էլ կայացել է հանդիպումը համապատասխան պաշտոնյաների հետ։
Չնայած մոսկովյան տապալմանը՝ Միքայել Մինասյանը որոշել է, այնուամենայնիվ, սկսել թիմի ձևավորումը, որպեսզի Մոսկվայում հնարավոր փոփոխությունների դեպքում արդեն պատրաստ թիմ ունենա։ Այսօր արդեն Արման Թաթոյանը «Միասնության թևեր» քաղաքական միավորման ստարտն է տվել, որում իրենից բացի մասնակցում է նաև Դավիթ Անանյանը։ ՀԱԿ-ի հետ համագործակցությունը Թաթոյանը չբացառեց։
Ընտրություններին մոտ Միքայել Մինասյանի նախագիծը, ամենայն հավանականությամբ, ավելի ամբողջական պատկեր կստանա։ Արման Թաթոյանի գլխավորությամբ նախաձեռնված միավորումը արդեն քաղաքական դաշտում հասցրել են անվանել «Փեսա Միքայելի թևեր»։