
Պերուի ոստիկանությունը ձերբակալել է Sendero Luminoso («Փայլատակող ուղի») ահաբեկչական կազմակերպության պարագլուխներից մեկին՝ Իվան Կիսպե Պալոմինոյին։ Այս մասին տեղեկացրել է երկրի ներքին գործերի նախարար Խուան Սանտիվանյեսը։
«Ազգային ոստիկանությունը բռնել է Sendero Luminoso («Փայլատակող ուղի») ահաբեկչական կազմակերպության պարագլուխներից մեկին, որի հանդեպ հետախուզում էր հայտարարվել 2013, 2015 եւ 2016թթ.։ Այսօր մենք նրան կհանձնենք արդարադատությանը»,- ասել է նա TVPerú հեռուստաալիքի եթերում։
ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ Կիսպե Պալոմինոն որոնվել է ահաբեկչության մեղադրանքով։ Նա բռնվել է տրանսպորտային ոստիկանության կողմից փաստաթղթերի ստուգման ժամանակ, դրանք կեղծ էին։
Պերուում Sendero Luminoso-ի ահաբեկչական գործունեության հետեւանքով 1980-ից զոհվել է ավելի քան 30 հազար մարդ։ Երկրին պատճառված նյութական վնասը գնահատվում է մոտ 25 մլրդ դոլար։ Sendero Luminoso-ի հիմնադիր Աբիմաել Գուսմանի ձերբակալումից հետո 1992թ. խմբավորումը սկսել է կորցնել ազդեցությունը, բայց ծայրահեղականների ոչ մեծ խմբերը շարունակել են հարձակումներ գործել Պերուի զինվորականների եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա։