Պենտագոնը 639 միլիոն դոլար կստանա միջին հեռահ...

Պենտագոնը լրացուցիչ 639 միլիոն դոլար կստանա ԱՄՆ-ի բանակը հանդերձելու համար միջին հեռահարության բալիստիկ հրթիռների ստեղծումը ֆինանսավորելու նպատակով: Դա տեղի կունենա ԱՄՆ Կոնգրեսի կողմից առաջարկվող պաշտպանական բյուջեն 2025 ֆինանսական տարում 150 միլիարդ դոլարով ավելացնելու շրջանակներում: 

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով համապատասխան օրինագիծը։

Ըստ հրապարակման՝ Սառը պատերազմի ավարտից ի վեր Միացյալ Նահանգները չի ունեցել միջին հեռահարության բալիստիկ հրթիռ։

1988-ից մինչև 2019 թվականն ընկած ժամանակաշրջանում Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին արգելվում էր մշակել և տեղակայել միջուկային կամ սովորական մարտագլխիկով ցամաքային բազավորման բալիստիկ և թևավոր հրթիռներ, որոնց առավելագույն հեռահարությունը 500-ից մինչև 5500 կիլոմետր է՝ Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրին համապատասխան։