ՊԵԿ–ը քաղաքացու բանկային գործարքների մասին մա...

Պետական եկամուտների կոմիտեն եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի համատեքստում մանրամասն տեղեկատվություն չի ունենալու բանկային համակարգում քաղաքացում գործարքների վերաբերյալ: 

Այս մասին վստահեցրեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն՝ ԱԺ–ում համընդհանուր հայտարարագրման թեմայով քննարկման շրջանակում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը հետաքրքրվեց, թե ՊԵԿ համակարգն ինչպե՞ս է բացահայտելու որոշակի խախտումներ՝ առանց բանկային գաղտնիքը խախտելու, բանկային գաղտնիքն ինչքանո՞վ է բացահայտվելու: 

ՊԵԿ նախագահի կարծիքով՝ բանկային գաղտնիքի հետ կապված ՊԵԿ–ի հնարավոր գործողությունները սխալ են գնահատում:

«Եթե անձի մասին ենք խոսում, ապա բանկային գաղտնիքին հասանելիությունը մուտքերի և ելքերի մասին է՝ մեկ թվով՝ առանց հասանելիություն ունենալու գործարքներին, և թե ում հետ է այդ գործարքներն արել: Դա հստակ է»,–ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ՊԵԿ–ը միշտ չունի այդ հասանելիությունը: Այդ հասանելիությունը ստանալու է ստուգման ժամանակ: 

«Այսինքն՝ եթե որևէ անձի նկատմամբ ստուգում է բացվում, ստուգողը հնարավորություն ունի քաղաքացուց հարցնել և պահանջել այդ տեղեկատվության ստացումը՝ սահմանափակ ձևով՝ մուտք–ելք՝ մեկ թվով, չխորանալով գործարքների մեջ: Եթե չի ստանում քաղաքացուց, երկրորդ քայլը դատարանով ստանալն է: Եթե դատարանը որոշի, որ այդ տվյալը չի տալիս ՊԵԿ–ին, չենք ստանա, եթե որոշի, որ տալիս է, կստանանք: Ստուգման ժամանակ հասանելիություն ունենք շատ սահմանափակ տեղեկատվության: Հետևաբար, մեր հայրենակիցները կարող են հանգիստ լինել՝ ՊԵԿ–ը չունի և չի ունենալու տեղեկատվություն՝ բանկային համակարգում իր մանրամասն գործարքների վերաբերյալ»,–ասաց ՊԵԿ նախագահը: