ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Շվեդիայի միջև Արդարադատության նախարարության իրավասության ոլորտում առկա համագործակցությունը:
Սրբուհի Գալյանը, ներկայացնելով Արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունները (դատաիրավական բարեփոխումներ, էլեկտրոնային արդարադատություն, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններ), քննարկել է դրանց իրականացման ուղղությամբ Շվեդիայի Թագավորության կողմից աջակցության տրամադրման հնարավորությունը:
Անդրադարձ է եղել Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) կողմից ոլորտային ծրագրերի աջակցությանը:
SIDA-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտն աջակցում է իրավական կրթության զարգացմանը, քրեակատարողական ծառայողների վերապատրաստմանը մարդու իրավունքների ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության իրականացմանը, խոշտանգումների դեմ պայքարի գործիքակազմերի կատարելագործմանը: Քննարկվել են նաև Թրանսփարենսի ինթերնեյշնլ կազմակերպությանը SIDA-ի տրամադրած աջակցության շրջանակներում վերջիններիս ու նախարարության համագործակցության խորացման հարցերը՝ հիմք ընդունելով նախարարության հակակոռուպցիոն ոլորտի առաջնահերթությունները:
Դեսպանի խնդրանքով նախարարը մանրամասնել է մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընթացքին առնչվող տեղեկություններ: Այս համատեքստում քննարկվել է նաև Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներով առկա հանձնառություններին վերաբերող տվյալներ: