Պեկինը նախազգուշացրել է Վաշինգտոնին. Իրանի դե...

Չինաստանը դեմ է ապօրինի միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքում և չեն հաստատվել ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ կոչ անելով շահագրգիռ կողմերին գործել պատասխանատու կերպով և լուծում փնտրել քաղաքական ու դիվանագիտական միջոցներով։

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանն այս հայտարարությունն արել է հերթական ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի խոսքերի վերաբերյալ հարցին, որը հայտարարել էր, որ Վաշինգտոնն Իրանի դեմ կսահմանի «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները» և կոչ էր արել Չինաստանին համագործակցել ԱՄՆ-ի հետ։

Լին Ցզյանն ընդգծել է, որ Չինաստանը հետևողականորեն հավատարիմ է այն դիրքորոշմանը, ըստ որի՝ ռազմական մեթոդները, պատժամիջոցներն ու ճնշումը չեն նպաստում խնդրի լուծմանը։ Ընդհակառակը, դրանք միայն ուժեղացնում են լարվածությունը և սրում իրավիճակը, ինչը չի բխում կողմերից և ոչ մեկի շահերից։

«Մենք կոչ ենք անում տարաձայնություններն ու վեճերը լուծել երկխոսության և խորհրդակցությունների միջոցով», — ընդգծել է Լին Ցզյանը։