Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ օգնելու վերջ դնել Ուկրաինայում շարունակվող պատերազմին։ Ինչպես հաղորդում է Le Monde պարբերականը, երկու երկրների ղեկավարները դեկտեմբերի 4-ին հանդիպել են Պեկինում, որտեղ տեղի է ունեցել Չինաստան-Ֆրանսիա գործարար խորհրդի յոթերորդ նիստը։
Մակրոնը, ով պաշտոնավարման ընթացքում արդեն 4-րդ անգամ է այցելում Չինաստան, նախագահ Ծինփինին ասել է, որ երկու երկրները պետք է հաղթահարեն իրենց տարբերությունները։ «Մենք պետք է շարունակենք աշխատել հանուն խաղաղության ու կայունության ամբողջ աշխարհում, Ուկրաինայում և պատերազմից տուժած այլ տարածքներում։ Համատեղ աշխատելու մեր կարողությունը որոշիչ է։ Հակամարտությունը կենսական վտանգ է սպառնում եվրոպական անվտանգությանը»,- հայտարարել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը, ով 2026 թվականին հյուրընկալելու է G7-ի գագաթնաժողովը, կոչ է արել Պեկինին աշխատել Մեծ յոթնյակի երկրների հետ «ավելի հավասարակշռված ու արդար» տնտեսական կառավարման նպատակով։
Չինական Xinhua-ի հաղորդմամբ, հանդիպմանը Սի Ծինփինը նշել է, որ երկու երկրները պետք է ընդլայնեն համագործակցության շրջանակը։ Մասնավորապես, նա առաջակել է կոնսոլիդացնել համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիան, միջուկային էներգետիկան, կանաչ տնտեսությունը, թվային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը։
Սի Ծինփինի խոսքով՝ երկու երկրները պետք է արձագանքեն ժամանակակից աշխարհի անորոշություններին Չինաստան-Ֆրանսիա հարաբերությունների կայունությամբ։
Չինաստանի նախագահը նաև կոչ է արել շարունակաբար ընդլայնել երկկողմ տնտեսական և առևտրային համագործակցության նոր ոլորտները, շարունակել խթանել Չինաստան-ԵՄ փոխշահավետ համագործակցության նոր առաջընթացը և համատեղ նոր ներդրում ունենալ համաշխարհային կառավարման բարեփոխումների և կատարելագործման գործում։



