
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ընթացքում ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում իրականացվել են փոփոխություններ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Մասնավորապես․
ստացված հարկային հաշիվների և հաշիվ վավերագրերի որոնման արդյունքների աղյուսակում՝ ըստ հաշվարկային փաստաթղթի մատակարարման ամսաթվի, արտացոլվում է հաշվարկային փաստաթուղթը դուրս գրողի հարկման ռեժիմի վերաբերյալ տվյալը՝ «Դուրս գրողի հարկման ռեժիմ», «Հարկման ռեժիմի սկիզբ», «Հարկման ռեժիմի սկիզբ ավարտ» սյունակներով։
Համակարգի գլխավոր էջերում արտացոլվում են դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով ընդհանուր արժեքային տվյալները՝ տվյալ տարվա (ընթացիկ տարվա) հունվարի 1-ից մինչև տվյալ պահի դրությամբ։
Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման դեպքում ապրանքացանկին վերաբերող հատվածում գործարկվել է պարտադիր լրացման նոր դաշտ՝ «Գործարքի տեսակ» անվանումով։
Հարկային հաշիվների դեպքում նոր դաշտը պարունակում է հետևյալ ընտրացանկը՝ «ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող», «ԱԱՀ-ից ազատված» և «Այլ», ինչպես նաև այն պարտադիր է լրացման համար, եթե «ԱԱՀ դրույքաչափ %» դաշտում ընտրված չէ ԱԱՀ-ի 20% դրույքաչափը։
Հաշիվ վավերագրերի դեպքում նոր դաշտը պարունակում է հետևյալ ընտրացանկը՝ «Հարկման հատուկ համակարգ», «ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող», «ԱԱՀ-ից ազատված», «ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող», «Արտահանում», «ԵՏՄ օդային տրանսպորտով արտահանում», «ԱԱՀ չվճարողներ», ինչպես նաև այն պարտադիր է լրացման համար։
Հաշվարկային փաստաթղթի ապրանքացանկի աղյուսակը լրացնելիս ապահովվել է ընթացիկ տողի (այն տողի, որի վրա տվյալ պահին կատարվում է լրացում) գունավորման հնարավորություն։
Համակարգի ենթաբաժիններում ստեղծվել է նաև մեկից ավելի ՀՎՀՀ-ներով (մինչև 100 ՀՎՀՀ) որոնում իրականացնելու հնարավորություն։
Համակարգի որոնման արդյունքների աղյուսակում հաշվարկային փաստաթուղթը դուրս գրողի կամ ստացողի անվանման կողքին ցուցադրվող կազմակերպաիրավական տեսակը ցուցադրվում է հակիրճ տարբերակով։
Համակարգում՝ հաշվարկային փաստաթղթերի աղյուսակում, pdf ֆայլում, ինչպես նաև excel ձևաչափով տվյալներն արտահանելիս, արտացոլվում են նաև տարայի ընդամենը արժեքի մասով տվյալները։
Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշվարկային փաստաթղթերում սոցիալական ծախս պարունակող հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու դեպքում՝ ստացող ֆիզիկական անձի ՀԾՀ-ն և անձնագրային տվյալները լրացնելուց (նաև սոցիալական ծախսը կատարած անձի հատվածում) և ստուգել կոճակը սեղմելուց հետո, համակարգն ինքնաշխատ լրացնում է ֆիզիկական անձի անունը և ազգանունը։