Կալանավորվել է 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում պաշտպանության բանակի nւ պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպան: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 4-ը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ Ս.Ա.-ն, ուժեղացված մարտական հերթապահության մեջ գտնվելու պայմաններում խախտել է մի շարք նորմատիվ իրավական ակտերով սահմանված մարտական հերթապահություն կրելու կանոնները։ Մասնավորապես, Ս.Ա.-ն 2020 թվականի սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի և իր կողմից հրավիրված այլ հյուրերի` պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք՝ հացկերույթ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված ենթակա ստորաբաժանումների հրամանատարներից ստացել է առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի և միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ։ Այդ պայմաններում, վերջինս ի պաշտոնե պարտավոր է եղել որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար, մինչդեռ որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ։