Պայքարը շատ մրցակցային է․ Ավանեսյանը՝ ՔՊ վարչ...

Այս ծրագիրը մեզ համար ռազմավարական կարևոր ծրագիր էր, և ուրախ եմ որ մասնավոր «Էրեբունի» բժշկական կենտրոնը և պետական Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգաիյն կենտրոնը, իրականացնելով մեծ ներդրումներ, այսօր ապահովում են այդ ծառայությունները։ Այս մասին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության բրիֆինգի ժամանակ, անդրադառնալով այն հարցին, թե ինչու են բժշկական կենտրոնները  պետպատվերի շրջանակում ծառայությունները մատուցում տարբեր գներով։

Նշենք, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում նոր արագացուցիչով ճառագայթային բուժման մեկ սեանսը արժե 40 000 դրամ, իսկ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնում՝ 64 000 դրամ։ Գործում է համավճար. պետությունը փոխհատուցում է այս գումարների կեսը։

«Ծառայությունների վերագնահատում է իրականացվել, այսինքն նոր տեխնոլոգիական առումով, մասնագիտական առումով, և ծառայությունների ամբողջ շղթայի առումով նոր պահանջներ ենք դրել ։ Հիմա Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի գնահատման փուլում ենք գտնվում, այսինքն մեր առողջապահական գործակալությունը գնահատում է, որ արդյոք նոր չափորոշիչներով բոլոր պայմանները ապահովված են, և վստահեցնում եմ ձեզ, որ ավարտին արդեն մենք այդ որոշումը կկայացնենք և նոր գնով փոխհատուցումը կիրականացվի հավասար կերպով», – ասել է նախարարը, իսկ լրագրողի այն պնդմանը, որ նա Նիկոլ Փաշինյանի Ուռուցքաբանության կենտրոն այցի ժամանակ ասել է, որ ծառայության արժեքը 64 000 դրամ է, հավելել է,  որ Ուռուցքաբանության կենտրոնում ևս ծառայության գինը 64 000 է, բայց նախարարությունը փոխհատուցում է ծառայությունը ավելի ցածր գնով։

Ավելի ուշ նախարարը  նոր պարզաբանում է ուղարկել լրատվամիջոցներին, որտեղ նախ լրագրողին մեղադրել է «պատվիրված հարց տալու» համար, այնուհետև նշել, որ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ռադիոթերապիայի ծառայությունների 1 սեանսի արժեքը` որպես հիմնադիր, սահմանել ենք այս պահին 40000 դրամ, մինչև նոր չափորոշիչների համաձայն գնահատման գործընթացը կավարտվի, և պետությունը կփոխհատուցի նոր գներով:

«Մինչ այդ մենք, առաջնորդվելով պացիենտների շահերով, ավելի քիչ գումար ենք գանձում քաղաքացիներից. վա՞տ ենք անում:

Բացատրեմ. այս բուժծառայությունից օգտվող երկու խումբ կա` սոցիալական որևէ խմբի պատկանող և սոցխումբ չունեցող: Սոցիալական խմբի պատկանող մեր քաղաքացիներին այս ծառայությունը տրամադրվում է ամբողջովին պետական պատվերով, քաղաքացու համար ամբողջովին անվճար և իր համար կարևոր չէ, թե պետությունն ինչքան է փոխհատուցում:

Համավճարով սպասարկվող քաղաքացիների դեպքում, առաջնահերթ համարելով քաղաքացու շահը, նվազ գին ենք սահմանել (20 000 դրամ` 32 000-ի փոխարեն, ինչպես մյուս կենտրոնում):

Եթե մի օր որոշենք սոցիալական որևէ խմբի որևէ բուժծառայություն տրամադրենք ակցիայի շրջանակում, ինչը նորմալ պրակտիկա է, ասելու եք` հասե՛ք, փրկե՛ք, վճարովի ծառայությունն անվճար են տրամադրում. ստացվում է` նախարարը սուտ է ասել:

Մենք պետական ազգային բժշկական կենտրոն ենք, և այո՛, մեզ համար էականը շահույթի գեներացումը չէ, այլ պացիենտի` մեր քաղաքացու շահը, և անհասկանալի է, թե ինչո՞ւ եք նեղվել, որ ավելի լավ բան ենք անում, քան ասե՞լ էինք», – ասվում է նախարարի պարզաբանման մեջ։