Պաղեստինյան անկլավի վարելահողերի 96%-ը վնասվե...

ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև Գազայի հատվածում պատերազմի հետևանքով պաղեստինյան անկլավի վարելահողերի 96%-ը վնասվել կամ անհասանելի է դարձել։ Ինչպես տեղեկացնում է The Associated Press-ը, այս մասին վկայում է «Մերսի Քորփս» միջազգային մարդասիրական խմբի կողմից հրապարակված ուսումնասիրությունը։

Ուսումնասիրության համաձայն՝ Գազայի գյուղատնտեսական ենթակառուցվածքների միայն 7%-ն է գործում։

«Մերսի Քորփս»-ը հայտարարել է, որ ջրային համակարգերը և ջրհորները լրջորեն վնասվել են, աղիությունը բարձրացել է, և կեղտաջրերը ներթափանցել են Գազայի հատվածի վարելահողեր։

«Այս ոչնչացումը միայն բնապահպանական չէ։ Այն ուղղակիորեն կապված է պարենային ճգնաժամի հետ», - ասել է մարդասիրական խումբը։

Կազմակերպությունը զգուշացրել է, որ Գազայի վարելահողերի լիարժեք վերականգնումը կարող է տարիներ տևել, եթե Իսրայելը շարունակի ապրանքների մատակարարման սահմանափակումները, և հողի ու ջրի աղտոտման հարցը չլուծվի։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 72 594-ի, վիրավորվել է 172 404 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Հոկտեմբերին կնքված հրադադարը դադարեցրել է Գազայի պատերազմում ծանր մարտերը, սակայն կողմերը պարբերաբար հայտնում են խախտումների մասին։