
Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը «պետք է վայր դնի զենքերը» եւ կոչ է արել միջազգային ուժեր տեղակայել պաղեստինցի ժողովրդին պաշտպանելու համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանին ուղղված նամակում Աբասը ներկայացրել է այն հիմնական քայլերը, որոնք, նրա կարծիքով, պետք է ձեռնարկվեն Գազայում պատերազմը դադարեցնելու եւ Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու համար, հաղորդել է Euronews-ը։ Էմանուել Մակրոնը եւ Մոհամեդ բին Սալմանը համանախագահելու են Նյու Յորքում կայանալիք համաժողովում՝ «երկու պետություն երկու ժողովրդի համար» սկզբունքի հիման վրա իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման նպատակով։ Համաժողովը մեկնարկելու է հունիսի 17-ին։ «ՀԱՄԱՍ-ը այլեւս չի կառավարի Գազայում եւ պետք է իր զենքն ու ռազմական հնարավորությունները հանձնի պաղեստինյան անվտանգության ուժերին»,- գրել է Աբասը։ Նա ասել է, որ «պատրաստ է հրավիրել արաբական եւ միջազգային ուժերին տեղակայվել ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատով կայունացման/պաշտպանության առաքելության շրջանակներում»։ «Մենք պատրաստ ենք հստակ եւ պարտավորեցնող ժամկետներում եւ միջազգային աջակցությամբ, վերահսկողությամբ եւ երաշխիքներով կնքել խաղաղության համաձայնագիր, որը կվերջացնի իսրայելական օկուպացիան եւ կլուծի կարգավիճակի հետ կապված բոլոր չլուծված հարցերը»,- նշել է Աբասը։ «ՀԱՄԱՍ-ը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր պատանդներին եւ բանտարկյալներին»,- ավելացրել է նա։ Հայտարարության մեջ Ելիսեյան պալատը ողջունել է կոնկրետ եւ աննախադեպ պարտավորությունները, որոնք ցույց են տալիս երկու պետությունների լուծման ուղղությամբ շարժվելու իրական պատրաստակամությունը։ Մակրոնը հայտնել է, որ «վճռական է»՝ ճանաչելու Պաղեստինի պետությունը, սակայն նաեւ մի քանի պայմաններ է առաջադրել, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ապառազմականացումը: Իր նամակում Աբասը հաստատել է Պաղեստինի ինքնավարությունը բարեփոխելու իր հանձնառությունը եւ վերահաստատել է մեկ տարվա ընթացքում միջազգային հովանու ներքո նախագահական եւ ընդհանուր ընտրություններ անցկացնելու մտադրությունը: Պաղեստինյան վարչակազմը արաբական եւ արեւմտյան պետությունների ճնշման տակ է գտնվում, որոնք պահանջում են զգալի բարեփոխումների իրականացում։