Պաղեստինի նախագահը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ազատ ա...

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը կոչ է արել ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդներին, որպեսզի Իսրայելին «արդարացումներ չտրվեն» անկլավում մարտական գործողությունների համար։ Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) Կենտրոնական խորհրդի նիստում նրա ելույթը հեռարձակել է Al Hadath հեռուստաալիքը։

«Մեր գլխավոր առաջնահերթությունն այժմ բնաջնջման պատերազմին վերջ տալն է, որին ենթարկվում է Գազայի հատվածը: Դա պետք է ավարտվի, Գազայում ամեն օր հարյուրավոր մարդիկ են զոհվում: Դադարեցրեք իսրայելցիներին առիթ տալը, ազատ արձակեք նրանց (խմբ.՝ պատանդներին)», - դիմել է ՀԱՄԱՍ-ին Պաղեստինի նախագահը: 

Նա նաև շարժմանը կոչ է արել վայր դնել զենքը, Գազայի կառավարումը հանձնել Հորդանան գետի Արևմտյան ափում գործող Պաղեստինի ազգային վարչակազմին (ՊԱՎ) և վերածվել քաղաքական կուսակցության, որի գործունեությունը «կկանոնակարգվի միջազգային իրավունքով»:

«Մերձավոր Արևելքում խաղաղությունը հնարավոր է իսրայելական օկուպացիայի ավարտի և անկախ Պաղեստինի  Պետության ստեղծման դեպքում, իսկ դրա համար մենք պետք է լուծենք գոյություն ունեցող տարաձայնությունները և վերացնենք միջպաղեստինյան պառակտումը», - շեշտել է Աբասը։ 

ՊԱՎ-ի ղեկավարի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը, 2007 թվականին զավթելով իշխանությունը Գազայում, «վեց ռազմական հակամարտություն առաջացրեց անկլավում» և «Իսրայելին առիթ տվեց» ընթացիկ ռազմական գործողությունների համար: