Reuters-ի կողմից իրականացված մարտ ամսվա արտահանման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Իրաքի և Քուվեյթի նավթի արտահանումից ստացված ենթադրյալ եկամուտները կրճատվել են շուրջ երեք քառորդով։
Միևնույն ժամանակ, Իրանի եկամուտներն աճել են 37%-ով, իսկ Օմանինը՝ 26%-ով։ Սաուդյան Արաբիայի նավթի արտահանումից ստացված եկամուտներն ավելացել են 4,3%-ով, մինչդեռ ԱՄԷ-ի եկամուտները նվազել են 2,6%-ով։
Հորմուզի նեղուցի փակումը և դրան հաջորդած նավթի համաշխարհային գների կտրուկ աճը զգալի ֆինանսական օգուտներ են բերել Իրանին, Օմանին և Սաուդյան Արաբիային։ Իսկ այն պետությունները, որոնք չունեն մատակարարման այլընտրանքային երթուղիներ, միլիարդավոր դոլարներ են կորցրել։
Փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Իրանը փաստացի փակել է Հորմուզի նեղուցը։ Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային նավթի ու գազի մոտ մեկ հինգերորդը։
Թեև նեղուցն Իրանի վերահսկողության տակ է, Օմանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն կարողանում են շրջանցել այն՝ օգտվելով իրենց խողովակաշարերից ու այլ նավահանգիստներից։
Իսկ ահա Իրաքի, Քուվեյթի և Քաթարի նավթը հայտնվել է շրջափակման մեջ, քանի որ այս երկրները միջազգային շուկա դուրս գալու այլընտրանքային ճանապարհներ չունեն։



