«Ոչ մի զինվոր, ոչ մի զենք»․ Հունգարիան չի պատ...

Հունգարիայի կառավարությունը մտադիր չէ ռազմական տեխնիկա ուղարկել Ուկրաինա։ Այս մասին Bloomberg-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի փոխնախարար Դյորդ Վելկին։

«Ոչ մի զինվոր, ոչ մի զենք։ Որոշումը բխում է Հունգարիայի շահերից՝ երկրում խաղաղություն ապահովելու համար։ Սա մեզ համար չափազանց կարևոր է», - ասել է նա։

Փոխնախարարը հայտարարել է, որ պատերազմից տուժած հարևան երկրին Բուդապեշտի աջակցությունը սահմանափակվելու է էներգամատակարարմամբ և մարդասիրական օգնության տրամադրմամբ։

Վելկին ընդգծել է, որ ինքը լավատեսորեն է տրամադրված երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հարցում։ Նա նշել է, որ մերձեցման հետագա քայլեր կձեռնարկվեն այն բանից հետո, երբ Ուկրաինայի խորհրդարանը կընդունի Ուկրաինայում բնակվող Անդրկարպատյան հունգարացիների իրավունքների վերաբերյալ օրենքներ։

Հունիսին Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ Բուդապեշտը և Կիևը համապարփակ համաձայնության են եկել հունգարական փոքրամասնության լեզվական, կրթական, մշակութային և քաղաքական իրավունքներն ընդլայնելու վերաբերյալ։ Հունգարիան այժմ սպասում է Ուկրաինայի օրենսդրության համապատասխան փոփոխություններին։

Ուկրաինայի և Հունգարիայի միջև հարաբերությունները վատթարացել են 2017 թվականից, երբ Կիևն ընդունել էր օրենք, որը զգալիորեն ընդլայնեց պետական լեզվի օգտագործումը կրթության մեջ, իսկ երկու տարի անց սահմանափակեց հունգարերենի օգտագործումը երկրում։