Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիքում խնդիրների շեշտակի ավելացում է նկատել Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմի հետևանքով, ի հայտ են եկել մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքին առնչվող խնդիրներ:
Թաթոյանն այս մասին ասաց ԱԺ-ում ՄԻՊ-ի 2020 թվականի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման ներկայացմանը՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե կոնկրետ որ մարզում, որ տարածքներում են մարդու իրավունքները ոտնահարվել ավելի շատ, և խնդիրը կապված է անձերի՞ հետ, թե՞ համակարգային է:
«Սյունիքի մարզում շեշտակիորեն ավելացել են խնդիրները արտաքին գործոնի՝ զինված հարձակումների հետևանքով: Անգամ տեղաշարժման հետ կապված խնդիրներ են առաջ եկել: Եթե Կապան համայնքից մարդը գնում է դեպի Ճակատեն, Շիկահող, Ծավ գյուղեր, ճանապարհին կան ադրբեջանական ցուցանակներ, զինվորականներ և դրոշներ, մարդիկ խուսափում են այդ ճանապարհներով երթևեկել, օրինակ, երեկոյան ժամերին, որովհետև մտավախություն ունեն իրենց անվտանգության համար: Սա լրիվ նոր խնդիր է, որը վերաբերում է ազատ տեղաշարժի իրավունքին: Մարդիկ նույնիսկ խուսափում են բժշկական օգնության մեկնելուց, եթե, օրինակ, Կապան կամ որևէ այլ տեղ են մեկնում, նախընտրում են գիշերով չերթևեկել»,- ասաց Թաթոյանը:



