Politik.am-ի զրուցակիցը «Թի Էմ Ջի Ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակի ղեկավար Տիգրան Ղազարյանն է: Թեման երեկ Հայաստանի ողջ տարածքում գործող դատարանների՝ քաղաքացիների կողմից շրջափակումն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով, որը որոշ հասարակական գործիչների, քաղաքագետների կողմից որակվեց որպես սհմանադրական կարգի տապալման փորձ:
Ըստ փաստաբան Ղազարյանի՝ խնդիրը կարելի է դիտարկել սահմանադրական կարգավորումների տիրույթում.«Նախ՝ Սահմանադրության 4-րդ հոդվածը հստակ ամրագրում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, և հանրային իշխանությունը Հայաստանում իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիմնա վրա: Այս սկզբունքն ունի էական դերակատարություն: Երբ գործադիր իշխանությունը միջամտում է դատական իշխանության գործերին, բերում է իշխանությունների հավասարակշռման և բաժանման սկզբունքի խախտմանը: Սա նշանակում է, որ հանրային իշխանության մի ճյուղի կողմից մյուս ճյուղի բռնազավթումը վտանգի տակ կարող է դնել ժողովրդավարության ապագան Հայաստանի Հանրապետությունում»:
Փաստաբանը հիշեցնում է նաև՝ ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասը ամրագրում է, որ արդարադատություն իրականացնելիս դատավորը անկախ է, անաչառ է և գործում է սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: Քրեական օրենսգրքով նախատեսված է հանցակազմ՝ դատավորի գործունեությանը մկիջամտելը.«Այսինքն՝ եթե դատավորի գործունեությունը որևէ կերպ կաշկանդվում է որևէ անձի կողմից, դա քրեորեն պատժելի արարք է: Հիմա պետք է հասկանանք՝ արդյո՞ք առկա է միջամտություն դատավորների գործունեության մեջ: Ակնհայտ է, որ ցուցարարները շրջափակել էին դատարանի մուտքն ու ելքը՝ առերևույթ հանցակազմ պարունակող արարքներ կատարելով»:
Տիգրան Ղազարյանը մտավախություն ունի, որ դատավորները որոշակի ժամանակահատվածում կունենան լուրջ կաշկանդվածություն հանրային իշխանության մարմինների, ինչպես նաև առանձին ներկայացուցիչների՝ ապօրինի գործողությունների հետևանքով վիճարկվող ակտերի կամ այդ գործողությունների գործեր քննելիս հօգուտ հայցվորների վճիռ կայացնելիս.«Դատարանները շատ հարցերում կաշկանդված կլինեն արդարադատություն իրականացնելիս՝ վեճը լուծել օրենքների և սահմանադրության շրջանակներում. հնարավոր է՝ որոշումներ կկայացնեն անձնական նրբանկատության սահմաններում՝ իրենց ներքին մտքերի, մտավախոթոյւնների հիման վրա, ինչը շատ վտանգավոր է»:
Փաստաբանին խնդրեցինք անդրադառնալ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հնչեցրած այն հայտարարությանը, թե բոլոր այն դատավորները, որոնց կայացրած որոշումները բողոքարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), և վերջինս այլ որոշում է կայացրել, պետք է հրաժարական տան.
«Սա բանավեճերի առիթ տվող թեմա է, և քննարկվել է նաև մինչ այս իշխանությունները: Իմ համոզմունքն այս հարցում հետևյալն է՝ եթե տեղի է ունեցել դատական սխալ, պետք է հասկանալ՝ արդյո՞ք դատավորը որոշումը կայացրել է ինչ-որ շահագրգռվածության արդյունքում, չիմացության արդյունքում, իրավանորմերի անբարեխիղճ մեկնաբանության արդյունքում, թ՞ որևէ այլ հարց կա, որը մեզ համար մութ է: Այսինքն՝ պետք է հասկանալ մոտիվները: Եթե դատավորը ինչ-որ սահմանային վիճակում մեկնաբանություն է տվել ինչ-որ մի նորմի, որը որը ՄԻԵԴ-ը առնվազն ճանաչում է իր պրակտիկային հակասող տրամաբանության, ապա դրա համար դատավորին պատասխանատվության ենթարկելը, իմ կարծիքով, թյուրիմացություն կլինի, բայց մյուս դեպքում, եթե ՄԻԵԴ-ը կոնվենցիայի ակնհայտ կոպիտ խախտումներ է արձանագրում, որն, ըստ էության, արդեն խոսում է դատարանի՝ գործի ելքով շահագրգռվածության մասին, այդ դեպքում, իմ համոզմամբ, կարելի է որոշակի մեխանիզմներ ստեղծել դատավորին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Սակայն, գտնում եմ, որ ժամանակավրեպ էր դրա մասին երեկ խոսելը, երբ շրջափակված էին դատարանները, և լարված իրավիճակ էր»,-ամփոփեց փաստաբանը:



