Պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթների և իրավական ապահովման բաժնի պետ Գյուլնարա Սարգսյանը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացնում է պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրի ներկայացման վերաբերյալ մանրամասներ:

- Ո՞վքեր են համարվում պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարատու պաշտոնյա: 

-Պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարագրի ներկայացման պարտականությունը կրում են բոլոր նրանք, ովքեր «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգավորումներին համապատասխան հայտարարատու պաշտոնատար անձ են, բացառությամբ այն պաշտոնատար անձանց, որոնց լիազորությունները դադարելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, նշանակվում կամ ընտրվում են հայտարարագրման պարտականություն նախատեսող այլ պաշտոնում: Այս կարգավորումը կիրառելի չէ այն պարագայում, երբ հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր երբևէ չեն ներկայացրել: Այդ դեպքում հայտարարատու պաշտոնատար անձը պարտավոր է ներկայացնել պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր:

 - Արդյո՞ք պաշտոնը դադարեցրած հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները պարտավոր են լրացնել հայտարարագիր:

- Հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներն ընդհանուր կարգով կրում են ինչպես պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու և տարեկան, այնպես էլ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրեր ներկայացնելու պարտականություն:

- Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի ո՞ր անդամները պետք է լրացնեն պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ հայտարարագիր:

- «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն են նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ:


- Հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ հայտարարագիրն ի՞նչ ժամկետում է լրացվում:

- Հայտարարատու անձինք պաշտոնեական պարտականություններն դադարեցնելու հայտարարագրերը պաշտոնեական պարտականություններն դադարեցնելու օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում պարտավոր են ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:


- Ինչպիսի հետևանք կարող է ունենալ պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելը:

- Հայտարարատու անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրերը, այդ թվում նաև (պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերը, նույն օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելը հիմք է վարչական իրավխախատումների վերաբերյալ վարույթ հարուցելու և քննության արդյունքներով նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով վարչական տույժ նշանակելու համար:


Հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքում պատասխանատվություն է նախատեսված հայտարարագիրը չներկայացնելու արարքի համար վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, այն դիտավորությամբ չներկայացնելու դեպքում: