ԿԺԴՀ-ն հիշեցրել է միջուկային զենք կիրառելու ի...

ԿԺԴՀ-ն զգուշացրել է միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին՝ պետական ​​միջուկային զինված ուժերի քաղաքականության մասին օրենքի դրույթներին համապատասխան՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության գործողությունների։ Այս մասին ասվում է հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ, որը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

2022 թվականին ընդունված օրենքը նախատեսում է միջուկային զենք կիրառելու հնարավորություն երկրի ղեկավարության և միջուկային ուժերի կառավարման համակարգի վրա հարձակման դեպքում, ինչպես նաև ԿԺԴՀ-ի դեմ միջուկային կամ այլ զանգվածային ոչնչացման զենք կիրառելու սպառնալիքի դեպքում։

«Թշնամիների նման սպառնալիքները՝ կապված մեր պետության դեմ զանգվածային ոչնչացման զենքի գրոհի և կիրառման հետ, կարող են համարվել անվտանգության ապահովման ամենակարևոր մարտահրավեր, որը պահանջում է գործի դնել պետական ​​միջուկային զինված ուժերի քաղաքականության մասին օրենքի համապատասխան հոդվածները»,– ասվում է հայտարարության մեջ։