
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 8-ին, կառավարության նիստի ժամանակ ընթերցեց շրջանառության հարկի նոր դրույքաչափերը հաշվարկելու վերաբերյալ քաղաքացու նամակի պատասխանը:
«Առևտրական առուվաճառքի գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա է օրենսգրքով սահմանված փաստաթղթերով հիմնավորված առևտրական առուվաճառքի գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, այսինքն՝ եթե քաղաքացին ձեռք է բերել փաստաթղթով իքս գնով և դրան ինչ-որ իր շահույթի մարժան ավելացրել է և վաճառում է, սկզբնական արժեքը ծախսագրելու հնարավորություն է նրան տրվում: Իրացման և վարչական ծախսերի մեջ ներառվում են նաև գրությամբ ներկայացված ծախսերը: Մասնավորապես՝ առևտրական գործունեություն իրականացնելու համար օգտագործվող տարածքի վարձակալական վճարը:
Հիշեցնեմ` քաղաքացին ուղիղ հարցը տվել էր, տարածքի վարձակալական վճարը կարո՞ղ եմ նվազեցնել, թե՞ չէ: Պատասխանը հետևյալն է. այո՛, կարող եք նվազեցնել: Գանձապահ խորհրդատուի վարձատրությունը կարո՞ղ է նվազեցվել, թե՞ չէ: Պատասխանը հետևյալն է. այո՛, կարող եք նվազեցնել: Pos-տերմինալի միջոցով անկանխիկ վաճառքների դեպքում բանկի կողմից գանձվող միջնորդավճարների գծով ծախսերը կարո՞ղ ենք նվազեցնել: Պատասխանը հետևյալն է. այո՛, կարող եք նվազեցնել:
ՊԵԿ կայքում ես նկատեցի, որ շատ ավելի ընդլայնված տարբերակով է ներկայացված, որ մյուս հնարավոր դեպքերն էլ ներառված են:
Ընդ որում` վարչական ծախսերի նվազեցման հնարավորությունը սահմանվել է 2025 թվականի մարտի 26-ին ընդունված Հարկային օրենսգրքի փոփոխությամբ, ըստ որի` 2025 թվականի հունվարի 1-ից նվազեցման ենթակա են նաև վարչական ծախսերը: Օրենքը մենք ուժի մեջ մտցրել ենք, ընթացքում քաղաքացիների հետ շփման հաղորդակցության արդյունքում այնտեղ, որտեղ իրենք մեզ մատնացույց են արել, որտեղ փաստարկը հիմնավոր է, գնացել ենք, օրենքի փոփոխություն ենք արել, և օրենքին հետադարձ ուժ ենք տվել 2025 թվականի հունվարի 1-ից: Սա քաղաքացիների հետ մեր հաղորդակցության արդյունքն է եղել»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ ապրիլի 10-ի նիստին մի քաղաքացուց ստացած նամակ ընթերցեց: Քաղաքացին նշում էր՝ ըստ օրենքի՝ շրջանառության հարկով աշխատող անհատ ձեռնարկատերը մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացնի շրջանառության հարկի նոր ձև: Մինչդեռ, ինչպես ներկայացրել էին ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչները հանրային քննարկումների ժամանակ, այն, որ նոր ձևը լրացվում է ինքնաշխատ, իրականում, ըստ քաղաքացու, չի համապատասխանում իրականությանը: