
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաք էր հրավիրել։ Հանրահավաքը կայացավ, որին մասնակցելու էին եկել ոչ ավել քան Հայաստանի 22 հազար բնակիչ։ Իշխանական շրջանակաները ամեն բան անում են, որպեսզի ցույց տան, որ երեկվա հանրահավաքը լավագույն վկայությունն է իրենց նկատմամբ եղած վստահության, բայց իրականությունն այն է, որ երեկվա հանրահավաքը Նիկոլ Փաշինյանի և իր թիմի վերջնական ու անդառնալի պարտության խորհրդանիշն էր։
Նախ նկատենք, որ այս հանրահավաքին մարդ բերելու համար իշխանությունները ամենաայլանդակ կերպով գործի էին դրել վարչական լծակները։ Մարզպետարաններ, քաղաքապետարաններ, թաղապետարաններ և գյուղապետարաններ, նիկոլահպատակ գործարարներ՝ բոլորը զբաղված էին մարդաորսով։ Ստիպողաբար հրապարակ էին քշվել համայանքապետարանների, դպրոցների, պետական հիվանդանոցների և պոլիկլինիկաների աշխատակիցներ։
3 միլիոն բնակչություն ունեցող երկրում գործի էր դրվել ամբողջ պետական համակարգը և հնարավոր եղավ հրապարակ բերել ընդամենը 22 հազար բնակիչ (ի դեպ այս թիվը ներկայացրել է Փաշինյանի աջակից սորոսական կազմակերպությունը, որին դեռ չի կարելի վստահությամբ մոտենալ)։ Եվ սա այն դեպքում, երբ երկու տարի առաջ Փաշինյանի մեկ կոչով մի քանի ժամում հրապարակ էին լցվում տասնյակ հազարավոր մարդիկ։
Այն, որ հանրահավաքը տապալված էր՝ ապացուցում է նաև այն, որ հանրահավաքի ավարտից հետո Փաշինյանի թիմակիցները տարածում էին մի լուսանկար, որը ինչպես հետագայում պարզվեց կեղծված է և արհեստականորեն էականորեն մարդկանց թիվը ավելացված է։
Եվ հիմա, երբ արդեն ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր խունտան չունեն հանրության լայն զագնվածների իրական աջակցությունը, ապա Գլխավոր շտաբը և բանակը առավել ամուր կարող է և պետք է կանգնի իր դիրքերում։ Ակնհայտ է, որ Օնիկ Գասպարյանը և զինվորականությունը առավել մեծ վստահություն ունեն և ուրեմն իրենց պահանջը պետք է լինի անբեկանելի, անկախ այն հանգամանքից, թե ինչ կանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը կամ նախագահ Արմեն Սարգսյանը։ Բանակն է որոշում և վերջ։