Վանաձորի նախկին քաղաքապետ, «Ուժեղ Հայաստանից» պատգամավորության թեկնածու Մամիկոն Ասլանյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն նրան մեղադրում է պաշտոնեկան կեղծիք կատարելու մեջ, երբ եղել է Վանաձորի քաղաքապետ։ Ալսանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Փորձեցինք կապ հաստատել նրա հետ, ասաց՝ ավելի ուշ զանգեք, ժողովի եմ։
Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանին առաջին անգամ կալանավորեցին Վանաձորի ՏԻՄ ընտրություններում հաղթելուց հետո՝ 2021 թվականին, նրան 2 տարուց ավելի պահեցին կալանավայրում՝ խոչընդոտելով, որ նա Վանաձորի քաղաքապետ չընտրվի։ Եւ Վանաձորը մինչ օրս չունի ընտրված քաղաքապետ՝ ժամանակավոր պաշտոնակատարն է կառավարում քաղաքը, իսկ ավագանին նիստեր չի գումարում։ Ասլանյանի նկատմամբ առաջին քրեական գործը վերաբերում էր իր պաշտոնավարման տարիներին իրականացված հողային աճուրդին։ Որքան էլ մեղադրանքն անհիմն էր թվում, առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման, պաշտպանական կողմը դատավճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, որտեղ հիմա այն քննվում է։ Բայց իշխանությունը, փաստորեն, չի բավարարվել մեկ քրգործով, նոր վարույթ են սկսել նրա նկատմամբ։
Հիմա էլ հավանաբար փորձում են խոչընդոտել, որ նա ԱԺ պատգամավոր չդառնա։ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ հետապնդումը, ըստ մի շարք իրավաբանների, դասական քաղաքական հետապնդում է։



