Հայաստանում ստեղծվել է պետական տեղեկատվական համակարգի կառավարման համակարգ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 16-ի նիստում։
Համակարգն իրենից ներկայացնում է կազմակերպչական, ընթացակարգային և տեխնիկական մեխանիզմների ամբողջություն, որոնք ուղղված են անվտանգ թվային միջավայրում տեղեկատվական համակարգերում մշակվող տվյալների հասանելիության ապահովմանը։
Որոշումը սահմանում է պետական տեղեկատվական համակարգի սպասարկման կարգը, այդ համակարգում տվյալների բազաների գրանցման կարգը, գործընթացում պետական մարմինների դերը, ինչպես նաև տվյալների բազաների ստեղծման կազմակերպչական պահանջները։
Որոշման գլխավոր նպատակը գործիքների բավարար հավաքածու տրամադրելն է։ Դա իրականացվում է պետական տեղեկատվական համակարգի կառավարման համար, ինչը կապահովի համակարգի գործունեության թափանցիկությունը, դրա զարգացման պլանավորումը և տվյալների բազաների համապատասխանության մոնիթորինգի գործառույթը, ինչպես նաև պետական հատվածում տեղեկատվական համակարգերի թափանցիկ, հավասարակշռված ու արդյունավետ կառավարումն ու զարգացումը։ Նշվում է, որ որոշման ընդունումը կնպաստի երկրում տեղեկատվական համակարգերի արդյունավետ կառավարմանը։ Կառավարության մեկ այլ որոշմամբ ստեղծվել է տվյալների դասակարգման համակարգ։
Այն նախատեսում է նաև անցումային փուլեր, որոնց համաձայն՝ պետական տեղեկատվական համակարգի կառավարման համակարգում գրանցվելու համար համապատասխան մարմինները պարտավոր են 6 ամսվա ընթացքում իրենց տվյալների բազաները համապատասխանեցնել սահմանված պահանջներին։



