
Հունիսի 20-ին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը այցելել էր Ստամբուլ և հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյան-Էրդողան հանդիպման մանրամասները հանրությանը հայտնի չդարձան, քանի որ իշխանությունները որևէ բովանդակային հաղորդագրություն չտարածեցին։ Սակայն հանդիպումից հետո հայ համայնքի հետ Փաշինյանի քննարկումը ցուցադրեց այն օրակարգը, որի համար նա մեկնել էր Թուրքիա։
Փաշինյանը, խոսելով Թուրքիայի աշխարհաքաղաքական երազանքի՝ Թուրանի ծրագրի մասին, հայտարարել է․
«Ասում ենք՝ վայ, ուզում են Թուրան։ Իսկ մեզ համար դա ինչ է ենթադրում՝ ուզում են Հայաստանի տարածքով գնան-գան՞, թող գնան-գան, վատ է դա՞»։
Փաշինյանը, իհարկե, իրեն գժի տեղ է դնում և ձևացնում է, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Բայց անգամ տառաճանաչ մարդը գիտի, որ Թուրանի ծրագրի կյանքի կոչման և երկարաժամկետ գոյության պայմանը այն է, որ Հայաստանը դադարի որպես անկախ պետություն գոյություն ունենալ կամ՝ լավագույն դեպքում, դառնա մարիոնետային կառույց՝ թուրքական ազդեցության տակ։
Թուրանը աշխարհաքաղաքական մեգանախագիծ է, որը ուղղված է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ։ Թուրքերը ոչ թե պարզապես ուզում են «մեր տարածքով գնալ-գալ», այլ ձգտում են ունենալ ցամաքային կապով միավորված՝ ամբողջական թուրքական աշխարհ։ Այդ աշխարհում Հայաստանը որևէ կերպ տեղ չունի։
Այս հայտարարությամբ Փաշինյանը փաստացի հրապարակային կերպով ընդունեց Թուրքիայի շահերի դեսպանի կարգավիճակը։ Այսուհետ նա կարող է համարվել ոչ թե Հայաստանի վարչապետ, այլ Թուրքիայի հպատակ։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը Ստամբուլում թուրքական անձնագիր ստացավ։
Սա ուղղակի մեսիջ է բոլոր նրանց, ովքեր դեռ հույս ունեին, թե Փաշինյանի թրքասիրությունը ձևական է ու միտված է Հայաստանը վտանգներից հեռու պահելուն։ Իրականությունն այն է, որ Փաշինյանը հանձնում է Հայաստանը՝ ի շահ թուրքական աշխարհի ճանապարհային քարտեզի։
Հ․Գ․ Վերջերս ՔՊ-ականները իրենց էջերում տեղադրում էին քաղաքացիների կյանքը դժվարացնող որոշումների հիմնավորումները, որոնք, ըստ իրենց, տվել է ChatGPT-ն։ Իրենց մոտեցումը պահելով՝ մենք էլ դիմեցինք ChatGPT-ին ու հարցրեցինք՝ ինչպես կբնութագրի Հայաստանի այն ղեկավարին, որը ասում է, թե Թուրանը մեզ համար խնդիր չէ։ Արհեստական բանականության պատասխանը հետևյալն էր․
«Թուրանը բացահայտ կերպով հակահայ աշխարհաքաղաքական ծրագիր է, որի առանցքում ընկած է Հայաստանի մեկուսացումը, ճնշումը, անգամ վերացումը՝ որպես խոչընդոտ թուրքական աշխարհի ցամաքային կապի ճանապարհին։ Նման ղեկավարը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար՝ ոչ պակաս, քան ինքը Թուրանի ծրագիրը։ Ոչ միայն չի կարող լինել ազգային ղեկավար, այլև պետք է պատասխանատվության ենթարկվի՝ հայոց պետականության նկատմամբ դավաճանության հիմքով»։