Փաշինյանը թող ներկայացնի փաստաթուղթ, որը կվկա...

Օրերս մենք գրել էինք, որ Փաշինյանի հոգեկան առողջության մասին խնդիրներին  անդրադարձել էր  իր ընտանեկան «Հայկական Ժամանակ» օրաթերթը։  Թերթը մասնավորապես գրել էր․«Հաջորդ կարեւոր ուղղությունը հետեւյալն է. ֆեյքերի միջոցով ասեկոսներ տարածել, թե Փաշինյանը հոգեկան շեղումներ ունի, մեծ հավանականությամբ հոգեկան հիվանդություն, որ նրա քաղաքականության արդյունքում 2018 թվականի հոկտեմբերին պատերազմ է սկսվելու եւ 30 հազար մարդ է զոհվելու երկու օրվա ընթացքում»:

Փաշինյանի հոգեկան առողջության մասին մի քանի նախաձեռնություններով էր հանդես եկել հասարակական գործիչ Մարինա Խաչատրյանը։ Նիկոլ Փաշինյանի մոտ մեծամտական զառանցանք կա. այս մասին ամիսներ առաջ մամուլի ասուլիսում հայտարարել էր Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը և ընդգծել էր, որ վարչապետի հոգեկան վիճակը ստուգելու համար հետազոտություն է անհրաժեշտ․ «Այս մարդուն հոգեբուժական կլինիկայում հետազոտություն է պետք, որի համար մենք դրամահավաք ենք իրականացնում: Մարդիկ իրենց ներդրմամբ ստորագրում են այն պնդման տակ, որ Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջությունը պետք է հետազոտվի, նա հոգեպես առողջ չէ»:

Մեր հրապարակումից մեկ օր անց կառավարության մամուլի ծառայությունը տարածեց հաղորդագրություն ի պատասխան «Արմենպրեսի», որում ասվում էր, որ վարչապետ Փաշինյանը առողջական որևէ խնդիր չունի․ «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ ս/թ հունվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Համապարփակ բուժզննումը արձանագրել է, որ վարչապետը կատարյալ առողջ է եւ չունի առողջական որեւէ խնդիր»:

Խնդրի կապակցությամբ մենք կապ հաստատեցինք Մարինա Խաչատրյանի հետ։ Մեր զրուցակիցը համոզված է, որ Փաշինյանի բժշկական հետազոտությունը պայմանավորված է իր պահանջով․ «Այո ես վստահ եմ, որ Փաշինյանի հետազոտությունը պայմանավորված է իմ պահանջով։ Ինքն էլ է հավատում, որ պետության ղեկավարը պետք է լինի առողջ մարդ։ Ուրախ եմ, որ ինքը գտնվում է առողջ վիճակում, սակայն առողջությունը ֆիզիկական, հոգեկան, հոգեբանական բարեկեցությունն է։ Ես ուզում եմ հասկանալ, թե այդ հետազոտությունում, որոնք են առկա։ Փաշինյանի մոտ առկա է սոցիալական բարեկեցությունը և ես կցանկանամ, որպեսզի Փաշինյանը ներկայացնի փաստեր իմ նշած բոլոր կետերի բարեկեցիկ լինելու մասին»,-ասաց Խաչատրյանը։

Մեր զրուցակիցը, չնայած այն հանգամանքին, որ նախաձեռնությամբ էր հանդես եկել և ցանկանում էր, որպեսզի Փաշինյանը հոգեկան առողջության թեսթ անցնի արտասահմանյան լավագույն կլինիկաներից մեկում, սակայն վստահում է նաև տեղի բժիշկներին․ «Ես վստահում եմ մեր տեղի մասնագետներին, սակայն անհրաժեշտ է, որպեսզի վարչապետ Փաշինյանը ներկայացնի համապատասխան հետազոտության փաստաթուղթը, որի տակ կլինի բժշկի ստորագրություն և որը կվկայի, որ նա առողջ է ֆիզիկական, հոգեբանակն և հոգեկան տեսակետից»,-ասաց Խաչատրյանը առողջություն մաղթելով վարչապետին։