Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պող...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է թիմին չիջնել Բաղրամյան պողոտա` անհետ կարածների ծնողների մոտ: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանն ասել է, որ ինքն արդեն հայտարարել է, թե այդ գործով աշխատանքներ տարվում են, ու անիմաստ է իջնել ու ինչ-որ բան խոսել Բաղրամյան պողոտան շուրջ 3 օր փակած անհետ կորածների ծնողների հետ:

Մինչդեռ ոչ մի տեսանելի բան չի արվում: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ հարցը շատ խիստ է դրված ՔՊ-ում, ըստ նրանց՝ Փաշինյանի կարծիքով գործը նորմալ հունով ընթանում է, ու իմաստ չկա խառնվելու պրոցեսին: Ի դեպ, մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավորները շատ զգուշավոր են ԱԺ մուտք ու ելք անում, քանի որ շատ վախվորած են, մտածում են, որ ծնողները կարող են ցանկացած քայլի դիմել նրանց հետ հանդիպելիս: Իսկ ծնողները չեն էլ թաքցնում, որ վճռական են տրամադրված, հստակ գործողություններ են ակնկալում, քանի որ շուրջ 5 տարի է՝ իշխանությունները նրանց խաբում են:

Հիշեցնենք, որ նախօրեից անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, պահանջում են կա’մ պաշտոնում վերականգնել ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանին, որն իրենց հարցերով էր զբաղված, հույս էր արթնացրել մարդկանց մեջ, որ կվերադարձվեն անհետ կորածները, կամ նրանց մասունքները, կա՛մ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանից են պահանջում, որ շարունակի Աբազյանի աշխատանքը նույն տեմպով, նույն կետից՝ առանց հետ գնալու»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: