Փաշինյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Ե...

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ‘Ֆլահերթիի հետ։

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության հեռանկարները։

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների հանձնակատարի գործունեությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում։

Մայքլ Օ‘Ֆլահերթին բարձր է գնահատել ՀՀ Կառավարության հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացված հետևողական քայլերը՝ ընդգծելով, որ դա նպաստում է քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը։

Կողմերը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ շեշտելով Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև շարունակական ու կառուցողական երկխոսության կարևորությունը: