Փաշինյանը ստախոսության բիոսարք է․ Ռոբերտ Քոչա...

Դուք շարունակում եք հավատալ այն ամեն ինչին, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյա՞նը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանի իշխանությունն ասում է, որ Թրամփի ուղու վերահսկողությունը մնում է Հայաստանի Հանրապետությանը։

«Մենք ունենք հազարից ավելի գրանցված ստեր։ Ես մի անգամ օգտագործել եմ մի տերմին, որ ստախոսության բիոսարք է։ Ուղղակի ստում է։ Չի լինելու։ Հենց այդ ստորագրած փաստաթղթով տարբերվում է, առանձնացվում է այդ ճանապարհը։ Սա ինչ-որ բան մեզ հուշո՞ւմ է, թե՞ չի հուշում։ Սա հուշում է հետևյալը, որ այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը տարբեր է լինելու մյուս ճանապարհներից։ Հակառակ դեպքում ուղղակի անիմաստ է, աբսուրդ է առանձին նշել։

Որ այդ ճանապարհը երկարատև պայմանագրով փոխանցվելու է այն ընկերությանը, որը պետք է կառավարի այդ ճանապարհը, ևս չեմ կասկածում։ Եվ չեմ կասկածում, որ Հայաստանը որևէ ազդեցություն այդ ընկերության վրա չի ունենալու։ Եթե դա լինի կամ վարձակալություն կամ կոնցեսիա, այնպիսի պայմանագրային կետեր են լինելու, որը Հայաստանի Հանրապետության ազդեցության շրջանակը շեշտակի նեղացնելու է, զրոյացնելու է։

Երկրորդը, դուք մտածում եք, թե այդ ճանապարհի վրա, որի հետևում կանգնած է լինելու Միացյալ Նահանգները, Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է լինելու ինչ-որ բան թելադրե՞լ։ Իրո՞ք։ Այդքան միամի՞տ ենք մենք։ Չի լինելու։ Ես որպես 10 տարի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդ ես այդ փաստաթուղթը կարդալով տեսնում եմ այս ամենը և ոչ թե դա այսպես խորը թաքցրած է տողերի մեջ։ Սա ակնհայտ ուղղակի զռում է»,–ասաց նա։

Ռոբերտ Քոչրյանը կրկնեց իր միտքը, որ բացի այս ճանապարհից, մնացած ճանապարհները հետաքրքիր չեն մեր հարևան երկրների համար. «Սա մնալու է միայն Հայաստանի օգտագործման համար, Հայաստան–Հայաստան ներսում կամ Հայաստան–Վրաստան, որը օգտագործվում է։ Այդ պրոյեկտի շահառուն մենք չենք լինելու, եթե մինչև Երասխ գիծը չգա, եթե երկաթուղային ճանապարհը իրանական Ջուլֆայով չմտնի Իրան, մենք շահառու չենք լինելու։

Ես պնդում եմ, որ այս պրոյեկտից Հայաստանը ոչինչ չի շահելու, եթե այդ երկու գործոնը, որոնք ես նշեցի իմ ներածական խոսքում, չաշխատեն։ Սա ակնհայտ է։ Ես նույնիսկ զարմանում եմ, որ սա կասկածներ է առաջացնում»,– ընդգծեց նա։