Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին՝ եթե չտանք...

Ինչպես Ադրբեջանի բոլոր պահանջների առջեւ, 4 գյուղերի պահանջի առջեւ եւս Փաշինյանն ընկրնելու է: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Կան ադրբեջանական անկլավներ, որոնց մասին քպ-ական պատգամավորները խոսում էին դեռեւս 2021-ին: Հետո Հայաստանում ծանրամարտի առաջնության ժամանակ քարտեզներ էին Երեւանում կախել, որտեղ Հայաստանի քարտեզն էր անցքերով: Հիմա էլ պարզ ասում են՝ անելու ենք: Ադրբեջանը պահանջում է, իրենք անելու են: Փաշինյանի երեկվա հայտարարությունից 2-3 օր առաջ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի գրասենյակը ասել է, որ առանց այլեւայլությունների Հայաստանը անհապաղ պետք է այդ տարածքներն ազատի: Ազատելու մասին պարզ ասել էր նաեւ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, որ 4 գյուղերի հետ կապված մենք խնդիր չունենք, մնացած գյուղերի հարցը կլուծվի սահմանազատման գործընթացում: Բնական հարց է առաջանում, եթե ամբողջ տարածքում են ուզում սահմանազատում անցկացնել, դե թող ամբողջ հարցը կոմպլեքս լուծվի սահմանազատման, սահմանագծման գործընթացում»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ է Ադրբեջանը շտապում այս 4 գյուղերի հարցում, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Դրանք ամենառազմավարական նշանակություն ունեցող հատվածներից մեկն են: Եթե նայենք, թե ադրբեջանական մխրճումները ՀՀ տարածք որտեղից են եղել, դրանք եղել են նոր ձեւավորված սահմանից: Հիմա եթե Ադրբեջանը առանց ջանք գործադրելու գրավի այդ հատվածը, Հայաստանի ամբողջ հյուսիս-արեւելքը խոցելի է լինելու, եւ Ադրբեջանի բանակցային հզորությունը շատ ավելի մեծ է լինելու: Ցանկացած բան կարող են պահանջել, եթե ՀՀ իշխանությունները փորձեն հակառակվել, այնտեղից կարող է լինել հերթական մխրճումը: