Պենտագոնը հետաքննում է ԱՄՆ ռազմակայանների սառ...

Պենտագոնը հետաքննում է ամերիկյան ռազմակայաններում սառցախցիկների մի շարք առեղծվածային խափանումներ, որոնց հետևանքով օգոստոսին փչացել են սննդամթերքի պաշարները։ Զինվորական քննիչները կիբերհարձակում են կասկածում և կապ են հաստատել ֆրանսիացի գործընկերների հետ, որոնք հետաքննում են Ֆրանսիայի սուպերմարկետներում տեղի ունեցած նմանատիպ միջադեպերը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ չորս պաշտոնյաների։

Գործակալության տվյալներով՝ օգոստոսի վերջին խափանումներ են գրանցվել ԱՄՆ ռազմակայանների տարածքում գտնվող առնվազն վեց խանութներում, որտեղ զինծառայողները սննդամթերք են գնում։ Որոշ դեպքերում սառնարանային սարքավորումները պարզապես չեն անջատվել. խցիկների ներսում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է, ինչի հետևանքով սննդամթերքը փչացել է։

Այսպես՝ օգոստոսի 26-ին Արիզոնա նահանգի Ֆորտ Ուաչուկա ռազմակայանի ֆեյսբուքյան էջում հաղորդվել է, որ սառցախցիկն անցել է հալեցման ռեժիմի՝ տաքացնելով սննդամթերքը։ Առավոտյան աշխատակիցները հայտնաբերել են սննդամթերքի փչացած պաշարները։

Պենտագոնը չի բացահայտել հետաքննության մանրամասները և չի հայտնել՝ հաջողվե՞լ է արդյոք պարզել տեղի ունեցածի պատճառները կամ բացահայտել հնարավոր մեղավորներին։ Գերատեսչության ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ ԱՄՆ կիբեռհրամանատարության ստորաբաժանումն աշխատում է պետական այլ կառույցների և իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ։

ԱՄՆ ցամաքային զորքերի քրեական հետաքննությունների վարչության կիբեռհետաքննությունների բաժինը ևս հաստատել է իր մասնակցությունը գործին։ Բաժնի փոխանցմամբ՝ ամերիկացի քննիչները համագործակցում են Ֆրանսիայի իրավապահ մարմինների հետ՝ պարզելու համար Եվրոպայում սառնարանային սարքավորումների աշխատանքի խափանումների հանգամանքները։

Ֆրանսիայում նմանատիպ ենթադրյալ կիբերհարձակումն ընդգրկել է ավելի քան 350 առևտրային օբյեկտ։ Reuters-ի տվյալներով՝ չարագործները փոխել են սառնարանային կայանքների ջերմաստիճանի կարգավորումները, այլ ոչ թե պարզապես խափանել դրանց աշխատանքը։ Որոշ դեպքերում սարքավորումներն այնքան են գերտաքացել, որ հրդեհներ են բռնկվել։ Սուպերմարկետների սեփականատերերից մեկը երկրի համար հնարավոր ընդհանուր վնասը տասնյակ միլիոնավոր եվրո է գնահատել։

Փորձագետներն ավելի վաղ նշել էին, որ հնացած կարգավորիչների և ծրագրային ապահովման պատճառով համակարգեր ներթափանցելը կարող էր համեմատաբար հեշտ լինել։ Սառնարանային համակարգերի կառավարման սարքավորումներ արտադրող Danfoss ընկերությունը հայտնել է, որ տուժած որոշ սարքերում օգտագործվել են ներկառուցված ծրագրային ապահովման հնացած տարբերակներ։ Միաժամանակ Reuters-ին չի հաջողվել պարզել՝ ամերիկյան ռազմակայաններում կիրառվե՞լ են արդյոք Danfoss-ի կարգավորիչները։

Արդյունաբերական կիբեռանվտանգության մասնագետները զգուշացնում են, որ սառնարանային սարքավորումներն ինտերնետին միացնելը ռիսկեր է ստեղծում սննդամթերքի մատակարարման շղթաների համար։ Համակարգերը, որոնք սկզբնապես սպասարկվում էին բացառապես տեղում, ավելի ու ավելի հաճախ են կառավարվում հեռավար, ինչը կարող է չարագործներին հնարավորություն տալ միջամտել դրանց աշխատանքին։

Առայժմ չի հաստատվել, որ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում տեղի ունեցած միջադեպերը կապված են միմյանց հետ, կամ որ ամերիկյան ռազմակայաններում խափանումներն իսկապես կիբերհարձակման հետևանք են։ Սակայն հետաքննությունը ցույց է տալիս, որ նույնիսկ սննդամթերքի պահպանման համակարգերը կարող են կարևորագույն ենթակառուցվածքի խոցելի օղակ դառնալ։