Ֆրանսիան դեմ է արտահայտվել Վիկտոր Օրբանին ՄԱԿ...

Ֆրանսիան դեմ է, որ ընտրություններում պարտված հունգարացի քաղաքական գործիչ Վիկտոր Օրբանը, որպես յուրօրինակ փոխհատուցում, նշանակվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության խոսնակը՝ պատասխանելով սենատոր Ստեֆան Դեմիյիի այն հարցին, թե արդյոք հնարավոր է իշխանությունից զրկված գործչի նմանօրինակ նշանակումը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աթոռը չպետք է վերածվի մխիթարական մրցանակի այն առաջնորդի համար, որը տապալվել է ընտրություններում և մերժվել սեփական ժողովրդի կողմից»,- ընդգծել է ֆրանսիացի պաշտոնյան։

Նա հիշեցրել է նաև, որ մարտին Մարին Լը Պենն անձամբ էր մեկնել Բուդապեշտ և մասնակցել Օրբանի նախընտրական արշավին։

Պաշտոնական Փարիզը շեշտում է, որ թույլ չի տա ՄԱԿ-ի թուլացում, քանի որ Ֆրանսիան այդ կառույցի հիմնադիրներից է։ Ըստ կառավարության խոսնակի՝ կազմակերպությունը չպետք է կաթվածահար լինի այն գերտերությունների քայլերից, որոնք փորձում են միջազգային հանրությանը պարտադրել ուժեղի իրավունքը։

Ֆրանսիան համոզված է, որ բոլոր ժողովուրդների համար արդարություն ու ազատություն կարելի է ապահովել միայն կանոնների և միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգի պայմաններում։ ՄԱԿ-ի շրջանակում համագործակցությունը բխում է ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքական սկզբունքներից, այլև երկրի ազգային շահերից։

Պաշտոնյան հավելել է, որ առանց բազմակողմ դիվանագիտության ու միջազգային գործակցության անհնար է մարդկանց արդյունավետ պաշտպանել պատերազմներից, արհեստական բանականության ռիսկերից, կլիմայական փոփոխություններից ու համավարակներից։

Լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ Ֆրանսիան կողմ է կառույցի արմատական բարեփոխմանը, որպեսզի այն դառնա ավելի լեգիտիմ ու ներկայացուցչական։ Մասնավորապես, Փարիզն առաջարկում է սահմանափակել ԱԽ մշտական անդամների վետոյի իրավունքն այն դեպքերում, երբ անհրաժեշտ է պաշտպանել խաղաղ բնակչությանը։

Որպես նման ճգնաժամերի օրինակ՝ խոսնակը նշել է Սուդանը, Ուկրաինան, Գազայի հատվածն ու Իրանը։ Նա շեշտել է՝ Ֆրանսիան ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարից ակնկալում է կառույցն ամրապնդող բարեփոխումներ, այլ ոչ թե քայլեր, որոնք կսասանեն դրա նկատմամբ վստահությունը։