Փաշինյանը քցե՞լ է Մինասյանին․ ինչ նոր խաղ է ս...

Գրեթե երկու տարի տոտալ լռությունից հետո Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը վերջին մի քանի օրերի ընթացքում գերակտիվություն է ցուցաբերում։ Մինասյանի ֆեյսբուքյան էջում երկու տարվա դադարից հետո հրապարակվում են հոդվածներ, որոնք առնչվում են Հայաստանի ներքաղաքական կյանքին, առկա խնդիրներին և հնարավոր ճանապարհներին։

Շատերի համար զարմանալի է նրա այս ակտիվությունը, քանի որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, չնայած Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու խոստմանը, Մինասյանն ինքը անհետացավ քաղաքական արենայից։ Սկզբում իր կողմից ստեղծված բազմաթիվ հարթակներ սկսեցին չեզոք դիրք բռնել իշխանությունների նկատմամբ, իսկ հետո նա ընդհանրապես հրաժարվեց իր մեդիա պռոյեկտներից ու Փաշինյանին օր ու արև չտվող մի քանի լուրջ հարթակներ պարզապես փակվեցին։

Քաղաքական կուլիսներում այն ժամանակ խոսում էին, որ Մինասյանը տեսնելով ժողովրդի անհուսալի վիճակը որոշել է համաձայնել գործող իշխանությունների առաջարկին ու դուրս գալ խաղից, փակել իշխանություններին քննադատող պրոյեկտները (հեռուստաընկերություն, կայքեր, քաղաքական խմբեր), իսկ դրա փոխարեն իշխանությունները հեռու կմնան իր կապիտալից։ Այս խոսակցություններն իհարկե կարելի էր բամբասանք համարել, եթե դրանցում հիշատակված իրադարձությունները իրականում տեղի չունենային։ Ինչպես արդեն նշեցինք ընտրություններից հետո ամիսների ընթացքում փակվեցին Մինասյանի հետ կապվող բոլոր նախագծերը, իսկ արդեն 2022 թվականի մարտին Մինասյանն ինքն իր տելեգրամյան ալիքում հայտարարեց․ «Այն, ինչ ունի սկիզբ, ունի ավարտ: Չեմ պատրաստվում անիրատեսական հույսեր սնուցել. անիմաստ է փորձել շրջված էջը կարդալ։ Եվ ինքներդ ձեզ մի շողոքորթեք, դա շուռ տվեց հայ հասարակությունը, որի սերն ու ատելությունը սնում էին թե՛ նախկին, թե՛ ներկա վերնախավերին»,-գրել էր նա և տեղեկացրել, որ այլևս հայաստանյան օրակարգ իր ալիքում չի քննարկվելու։ Մինասյանը նաև հայտարարեց, որ այլևս գիտական հոդվածներ է գրելու։ Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց էլ Չորրորդ իշխանություն օրաթերթը գրեց, որ Մինասյանի վրայից հետախուզումը հանվել է ու նա հրապարակմամբ հրաժեշտ տվեց Ռուսաստանին, որտեղ երկար ժամանակ ապաստանել էր։ Սոցհարթակներում գրում էին, թե նա վերադարձել է Իտալիա։

Իհարկե հայաստանյան իրականության մեջ Մինասյանն առաջին քաղաքական գործիչը չէ, որ քաղաքական էջը փակում է ու կարճ ժամանակ անց բացում։ Ավելին, ոմանք նաև երդվում էին, որ այլևս քաղաքականությամբ չեն զբաղվի, բայց կարճ ժամանակ անց նրանց նորից տեսնում էինք քաղաքական հայտարարություններ անելիս։ Բայց որքան էլ հայկական իրականությունն այսպիսին լինի, Միանսյանն այն կերպարը չէ, որ առանց լուրջ պատճառների փակված էջը բացի։

Բարդ բացատրություններ էինք փնտրում այս հարցի համար, բայց կարծես այն պարզ և տրամաբանական պատասխան ունի։ Նախորդ շաբաթ, Մինասյանի քաղաքական ակտիվությունից մեկ երկու օր առաջ դատախազության հանրային կապերի բաժինը հայտնեց, որ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ. դատախազը նրա նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում։

Այսինքն ստացվում է, որ եթե Մինասյանի և Փաշինյանի միջև եղել են պայմանավորվածություններ, ապա դրանք ինչպես և սպասելի էր Փաշինյանի իշխանությունը խախտում է։

Ինչ խոսք, Փաշինյանից այլ բան սպասելի չէր։ Այս պարագայում Փաշինյանն, ըստ էության, երկու նապաստակ է որսացել․

․ Իր համար ծանր ժամանակում խաղից դուրս է հանել Մինասյանին և ոչնչացրել երկար տարիների ու փողերի շնորհիվ ստեղծված համակարգը

․ Իր համար բարենապաստ ժամանակում կրկին մեյդան է բերել հին քրեական գործերը և փորձում է խլել Մինասյանի կապիտալը։

 

Ստեղծված իրավիճակի նկարագրությունից հետո մնում է հասկանալ Միքայել Մինասյանը ակտիվացել է, որպեսզի կարողանա ճնշել Փաշինյանին ու նոր պայմանավորվածություն ձեռք բերել, թե սա քաղաքական դաշտ վերադառնալու և  դրանում հիմնական ինչ որ տեղ զբաղեցնելու փորձ է։ Սա ցույց կտա ժամանակը։