Փաշինյանը Պուտինի նկատմամբ վարում է նույն ստո...

«Շարունակվում է նույն արտաքին քաղաքականությունը, ինչ նախկինում վարում էին Սերժ Սարգսյանն ու նրա նախորդները. ռուսական ուղեծրում գտնվող գաղութացվող պետության քաղաքականություն»,-այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի (1990-1995) պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ իշխանափոխությունից հետո տարվող արտաքին քաղաքականությանն ու, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերություններին:

Բաղդասարյանի խոսքով՝ տարվող քաղաքականությունը ոչ միայն պարզապես պաշտպանում է Ռուսաստանի շահերը, այլև վնասում է հայկական շահին.

«Դրա բազմաթիվ ապացույցներ կան՝ սկսած Սիրիա զորք ուղարկելուց, Ուկրաինայի դեմ քվեարկություններից, Լեհաստան չմեկնելուց, բազմաթիվ հակաարևմտյան հայտարարություններից, ընդհուպ՝ ԱՄՆ-ն քննադատելու պարծենկոտությունը»:

Հարցին՝ նոր իշխանությունների կողմից նման գործելակերպը սպասելի՞ էր, Բաղդասարյանը նշեց.

«Նոր իշխանություններ չկան, կա Նիկոլ Փաշինյան: Այսինքն՝ չկա կոլեկտիվ տարվող քաղաքականություն, կոլեկտիվ միտք, կա մեկ անձի կամք: Սա մեր կառավարման ավտորիտար համակարգի տրամաբանության մեջ է, ղեկն էլ գտնվում է սեփական ավտորիտար ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքին»: 

Մեր զրուցակցի խոսքով՝ հիմնվել Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարությունների վրա, սխալ է, քանի որ նա իշխանության գալուց հետո արել է իր հայտարարությունների ճիշտ հակառակը, հետևաբար՝ նրա՝ մինչհեղափոխական հայտարարությունները հիմք չեն դատողության համար:

«Կառավարման համակարգով, որը ենթադրում է մեկ անձի իշխանություն, Հայաստանը չի կարողանալու անկախ քաղաքականություն վարել, դուրս գալ Ռուսաստանի ուղեգծից, և ոչ թե դուրս գալ ինքնանպատակ՝ հակադրվելու համար Ռուսաստանին, այլ՝ սեփական շահերն ապահովելու համար: Ես բազմիցս եմ իմ վերլուծություններում ցույց տվել, որ Հայաստանի և Ռուսաստանի շահերն իրար օբյեկտիվորեն չեն համընկնում: Անկախ ամեն ինչից՝ կա երկու տարբերակ. կա՛մ դու կարողանում ես քո շահերն աստիճանաբար այնպես ապահովել, որ դիմացինդ սկսի հաշվի նստել քո շահերի հետ, կա՛մ դասական, հայկական, հին ուղեգծին ես գալիս՝ մի քիչ շատ քծնենք ռուս ցարին, Պուտինին, ռուս ղեկավարին, Ռուսաստանին: Հետո՝ ինչքան շատ բարձրաձայնենք մեր հավատարմության մասին, այնքան ավելի հնարավոր է՝ Ռուսաստանը մեր շահերը հաշվի առնի: Սա այն է, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը: Դա պատմականորեն պարտված քաղաքականություն է, երբեք արդյունք չի կարող տալ»,-ասում է Բաղդասարյանը՝ ապա ընդգծում՝ խնդիրը Նիկոլ Փաշինյանը չէ, խնդիրը նույն քաղաքականությունը վարելն է.

«Նիկոլը շատերին թվում է ամուր, հզոր, կամքի տեր, բայց Պուտինի նկատմամբ վարում է նույն ստորաքարշ քաղաքականությունը, ինչ Սերժ Սարգսյանը, ոչ մի ավել արժանապատվություն ես չեմ տեսել»: