Փաշինյանը նոր խաղ է սկսում․ Դավիթ Սանասարյանը...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է առատ «վառելափայտով» ապահովել հայ-ռուսական հարաբերությունների լարման «խարույկը»։ Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն փայլուն չեն, ինչպես ժամանակին պնդում էր վարչապետ Փաշինյանը, այլև գնալով թշնամական բնույթ են կրում։ 

Իշխանափոխությունից հետո Ռուսաստանի Դաշնությունը ապաստան է տվել նախկին իշխանության մի քանի ներկայացուցիչների։ Սրան ի պատասխան՝ օրերս Հայաստանը ապաստան տվեց ռուս ընդդիմադիր գործիչ, ազգայնական Վիտալի Շիշկինին։  Ռուս գործչին կարգավիճակ տված փաստաթղթում կարդում ենք, որ «առկա է իրական ու հիմնավոր վտանգ, որ նա Ռուսաստանի Դաշնություն վերադառնալու դեպքում իր քաղաքական հայացքների պատճառով կենթարկվի այնպիսի վերաբերմունքի, որը կհակասի «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասով սահմանված պահանջին, այն է՝ չվերադարձելիության սկզբունքը այն տարածքների սահմանները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասայական, կրոնական, քաղաքական հայացքների կամ մի շարք այլ հիմքերով:

Սրանից հետո Փաշինյանը գնաց նոր ցուցադրական քայլի՝ կառավարությունում հանդիպեց «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար կազմի հետ։ Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ Հայաստանը պետք է դուրս գա Ռուսաստանի հետ բոլոր տեսակի համագործակցային պայմանագրերից և համաձայնագրերից։ Ավելին՝ կուսակցության որոշ ներկյացուցիչներ կարծում են, որ պետք է ազգային ազատագրական պայքար մղել ՌԴ դեմ և Հայաստանից դուրս հանել ռուսական ռազմաբազան։

Նրանց հետ հանդիպելով՝ վարչապետ Փաշինյանը նոր խաղի սկզբի մասին է հայտարարում։ Այսկերպ նա հասկացնում է Ռուսաստանին, որ լավ վերաբերմունք չստանալու դեպքում կարող է իշխանությունը կիսել «Սասնա Ծռեր»-ի հետ՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ։

Նոր սկսված խաղի շրջանակում չի բացառվում, որ իր պաշտոնում վերականգնվի հակառուսական տրամադրություններ տարածող ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։ Ամիսներ առաջ մենք գրել էինք, որ վարչապետ Փաշինյանը նրանից ազտավում է, քանի որ ռուսական կողմի պահանջն է այդպիսին եղել։ Սանասարյանին ՊՎԾ պետի պաշտոնում վերականգնելը հավելյալ մեսիջ կլինի ՌԴ-ին, որ Հայաստանի իշխանությունները լուրջ են տրամադրված, ու ամեն բան կարող է այլ ճանապարհով գնալ։