Փաշինյանը Մոսկվայից պարտված վերադարձավ

Երեկ՝ հունվարի 11-ին, Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով տեղի ունեցած եռակողմ հանդիպումը կարելի է ասել՝ Ռուսաստանի համար հաջողված էր, Ադրբեջանի համար, թերեւս նույնպես, իսկ Հայաստանի համար՝ ոչ։ Հանդիպումից հայկական կողմն ուներ մեկ ակնկալիք՝ քննարկել գերիների վերադարձի հացրը։ Կարեւոր արձանագրում՝ հարցը ոչ միայն լուծում չստացավ, այլ նաեւ՝ նույնիսկ չքննարկվեց։ Ադրբեջանի համար կարեւորը հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն էր, այսինքն՝ Նախիջեւանի հետ ճանապարհ ունենալը, որը կարծես թե քայլ առ քայլ իրականանում է։ Ռուսաստանի համար կարեւոր էր, որպեսզի ամրացնի իր դիրքերը եւ հասնի առեւտրա-տնտեսական ու հաղորդակցության ապաշրջափակման, ինչը հեռահար կերպով հարվածում է Վրաստանին, նրան զրկելով տարանցիկ պետության առավելություններից։ Դրան էլ կարծես թե գնում ենք քայլ առ քայլ։

Կարելի է ասել՝ Նիկոլ Փաշինյանը հերթական պարտությունը կրեց, այս անգամ էլ մոսկովյան երեկվա բանակցություններում։ Եթե ամփոփենք, ապա երեկվա հանդիպման օրակարագը ձեւավորել էր Ռուսաստանը։ Ու Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպմանն այնքան անճարակ վիճակում էր, որ չկարողացավ հասնել այն բանին, որ կոնկրետ բանակցությունների ընթացքում բարձրացվեր ու լուծում ստանար գերիների հարցը։ Իսկ օրակարգը, ըստ Կրեմլի պաշտոնական կայքի՝ հանդիպման նախօրեին տարածած հայտարարության, հետեւյալն էր՝ «առեւտրային, տնտեսական եւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, պատերազմից տուժած շրջանների բնակչությանը հումանիտար օգնության տրամադրում», որը փայլուն կերպով առաջ մղվեց եւ ամրագրվեց եռակողմ նոր հայտարարության չորս դրույթներում։ Ըստ էության, մենք ականատես եղանք երեկ մի տեսարանի, որը ցույց է տալու, թե հետագայում ինչպես են ընթանալու բանակցությունները Ղարաբաղի մասով․ հայկական կողմի դեպքում մենք ունենալու են կրավորական, խորն ու համապարփակ կերպով անճարակ ղեկավարի, որը հլու հնազանդ ձեւով համաձայնելու է այլոց օրակարգերին, որոնք ձեւավորվում են վերջիններիս շահերի հաշվառմամբ, իսկ հայկական կողմի շահերը, ինչպես եւ այս դեպքում եղավ, եւ ինչպես որ Փաշինյանը ֆիքսեց, կմնան օդից կախված, անորոշության մշուշով պարուրված։ Այս իրավիճակում հետաքրքրական է այն հարցը, թե արդյոք հնարավոր էր լուծման հասնել գերիների հարցով, եթե օրինակ Փաշինյանի փոխարեն Հայաստանը ներկայացներ մեկ այլ անձ։ Կարծում ենք այո։ Պարզապես, լիովին բարոյահոգեբանական առումով պարպված եւ վստահություն չվայելող ղեկավարը ի վիճակի չէ ռուսների հետ այնպիսի պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք կնպաստեին գերիների հնարավորինս արագ վերադարձին։ Առաջին հերթին իշխանական թիմի համար պետք է պարզ լինի, որ հաջորդ ամեն մի հանդիպման ժամանակ այս վիճակն է լինելու, ու զուտ մարդկայնորեն, իրենք ապրելու են ստորացվածության այն զգացողությունները, ինչ ապրեց երեկ հայ ժողովուրդը, անկախ այն հանգամանքից, թե ռուբեն ռուբինյանները ինչ ֆեյսբուքյան ստատուսներ կգրեն՝ իրականությունից կտրված։