Փաշինյանը, Կոշտան և ֆոն դեր Լայենն անդրադարձե...

Կոպենհագենում, Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը, նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգը, մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։

Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքներին և TRIPP նախագծի իրագործմանը։ Այս համատեքստում ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման կարևոր հենասյուն։

Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները վերահաստատել են ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար և կարևորել ԵՄ-ի հետ գործընկերության խորացումը։