Ուրիշներն են ասել, որ Փաշինյանն իմ հոգեզավակն է, ես այդպիսի բան ասե՞լ եմ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Մատենադարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։
Հիշեցմանը, որ 2008–ին նա իր կողքն էր կանգնած, առաջին նախագահը նկատեց. «Իմ կողքն այնքան մարդ էր կանգնած։ Այն ժամանակ շատ լավ էլ աշխատեցին բոլորը, Նիկոլն էլ»։
Ինչ վերաբերում է նրան, որ 2018–ին էլ ինքը վատ չի գնահատել տեղի ունեցած հեղափոխությունը, Լևոն տեր–Պետրոսյանն ասաց. «Հեղեղն ինչպե՞ս գնահատես։ Դա այնպիսի մի փոթորիկ էր, մարդը հաջողեց։ Մարդը ինչ նպատակ դրել էր՝ հասավ։ Դա պիտի գնահատես»։
Անդրադառնալով փոխզիջումներով ԼՂ խնդրի կարգավորման թեզերին, նա ասաց. «Այդ թեզերը նա կործանեց Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը Հայաստան է և վերջ, ու պատերազմ բերեց»։ Նա կեղծ որակեց պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը հենց իր խաղաղության օրակարգով է առաջ ընթանում. «Ոչ մի կապ չունի Ղարաբաղյան իմ քաղաքականությունն իր քաղաքականության հետ։ Բացարձակապես ոչ մի կապ չունի»։
Նշենք, որ այսօր Մատենադարանում Լեւոն Տեր–Պետրոսյանի 80–ամյակին նվիրված միջազգային գիտաժողով է կազմակերպվել։



