Սորոսական Արթուր Սաքունցը հիշել է նախորդ տարի Հայաստանում հայտնաբերված կոկայինի (իր գրառման մեջ գրված է՝ հերոին) պատմությունը և զարմանք հայտնել, թե ինչո՞ւ պետական կառույցները, այդ թվում՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, բացատրություններ չեն տալիս․ «Ի՞նչ եղավ երկու տոննա հերոինի պատմությունը, ո՞վ էր ուղարկողը, ո՞վ էր ընդունողը, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը , ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ վարչապետը դեռ որևէ պատասխան չունեն տալու հանրությանը և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային կազմակերպությանը:
Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցներից կախվածությունից տուժող քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը որևէ մեկին չի հետաքրքրու՞մ։
Սա պետական մակարդակով մարդու կյանքի, արժանապատվության հանդեպ անգործության ցայտուն օրինակ է և պետության անվտանգության դեմ գլխավոր մարտահրավերներից առաջնայինը»:
Հիշեցնենք, որ նախորդ տարի իրավապահները հայտարարեցին Հայաստանում գործող ընկերություններից մեկի պահեստից 1 տոննա կոկային հայտնաբերելու մասին։ Սա այն դեպքում, երբ Իտալիայի իրավապահները մինչ այդ նավահանգիստներից մեկում հայտանբերել էին գրեթե 3 տոննա կոկային, որը պետք է գար Հայաստան։
Ինչու՞ պետք է վախենա Փաշինյանը
Աշխարհում ամենաեկամտաբեր բիզնեսը համարվում է թմրանյութերի բիզնեսը։ Այո՛, սա ապօրինի և խիստ վտանգավոր բիզնես է, բայց միլիարդների եկամուտներ է ապահովում թմրաբիզնեսի գլխին կանգնած հանցագործների համար։ Պետք է նկատել, որ աշխարհի և ոչ մի երկրում չի կարող գոյություն ունենալ թմրաբիզնես, եթե պետական իշխանության ինչ-որ օղակում այդ բիզնեսով զբաղվողները չունենան գործընկերներ։ Իսկ եթե խոսքը թմրանյութերի խոշոր խմբաքանակների մասին է, ապա այդտեղ ներգրաված են լինում անգամ ամբողջական պետություններ։
Եթե ինչ-որ ընկերություններ որոշել էին Հայաստան ուղարկել գրեթե 4 տոննա կոկային, որը համարժեք է գրեթե 1 միլիարդ 500 միլիոն դոլարի, ապա դա նշանակում է, որ թմրադեղի երթուղին ստուգված է եղել և այն ունեցել է հովանավորներ բարձրագույն իշխանության շարքերում։ 1,5 միլիարդը փոքր թիվ չէ, 4 տոննա կոկայինը չորս պարկ կարտոֆիլ չէ, որը կարելի է ռիսկի ենթարկել և ուղարկել պատահական երկրներով։
Մյուս փաստարկը, որ իշխանություններն առնչություն ունեն այս պատմությանը, այն է, որ մեկ կգ բրինձ գողացողին ժամերի ընթացքում գտնող և Հանրային հեռուստատեսությամբ այդ մասին պատմող իշխանությունը տարօրինակ զսպվածություն է ցուցաբերում։ Նախ հրապարակային հնչեց միայն մեկ անուն՝ Միհրան Պողոսյանինը, հետո նրա անունն էլ մոռացան, իսկ գործընթացին մասնակից այլ անձանց մասին՝ զրո տեղեկատվություն։ Տուշոնկա շոու նկարող իշխանությունները խիստ քչախոս են այս հարցում։
Սա նշանակում է, որ շատ խոսելը իրենց շահերից չի բխում։ Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ քարոզչական արշավ կիրականացվեր, եթե իշխանության որևէ օղակ կապ չունենար այս պատմության հետ։ Իսկ եթե որևէ օղակ կապ է ունեցել ու դրա մասին հրապարակային չի խոսվում, հանցագործները չեն պատժվում, ուրեմն պատասխանատվություն իր վրա վերցնում է իշխանության առաջին դեմքը։
Կոկայինային ասեղ, որն օգտագործում են սորոսականները
Մի բան ակնհայտ է՝ սորոսական Արթուր Սաքունցը «թաց տեղը պառկողներից» չէ։ Իր հրապարակային ելույթները, գրառումները նշանակում են, որ կա կոնկրետ պատվեր՝ հենց այդ թեմաների մասին խոսել։ Իսկ եթե սորոսականը խոսում է մեկ տարի առաջ հայտանբերված կոկայինի մասին, երբ անցնող մեկ տարվա ընթացքում դրա մասին գրեթե չի խոսել, նշանակում է՝ սա նախազգուշական կրակոց էր։
Փաշինյանը նախազգուշական այս կրակոցից պետք է հասկանա, որ արևմտյան տերերը դժգոհ են իր քայլերից, ու եթե հետևություններ չանի, սխալները չշտկի, ապա Սաքունցին կմիանան բոլոր մյուս սորոսականները, որոնք արդեն տողատակով չեն խոսի Փաշինյանի պատասխանատվությունից, այլ շատ ուղիղ արշավ կտանեն նրա դեմ։ Իսկ եթե Արևմուտքի գործակալական ցանցը ցանկանա, ապա մեկ ամսում Փաշինյանից Պաբլո Էսկոբար կստանան։
Ի՞նչ սխալ է գործել Փաշինյանը
Շատերին է հետաքրքրում, թե ինչո՞վ կարող էր Փաշինյանը արժանանալ Արևմուտքի դժգոհությանը։ Ի վերջո նա հրապարակային պատրասակամություն է հայտնել միանալ բոլոր այն ծրագրերին, որն առաջարկում է Արևմուտքը։
Միանգամից ասենք, որ վերջին շաբաթներին Փաշինյանը երկու սխալ թույլ տվել է, որը կարող է բարկացնել իր արևմտյան տերերին։
Առաջին սխալն, իհարկե, եվրաինտերգրման հանրաքվեից հրաժարվելն էր, որն առաջարկել էին անցկացնել Արմուտքի գործակալական ցանցի չորս գործիքներ, և որին կարծես՝ իշխանությունները նախնական համաձայն էին, համենայնդեպս այդպես կարելի էր ընկալել Ալեն Սիմոնյանի խոսքը։
Երկրորդ սխալը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի՝ ռուսական Բելգորոդ գնալն էր և Ուկրաինայում զոհված ռուս զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկ դնելը։
Առաջիկա մի քանի օրերը կամ շաբաթները, կարծում ենք, ցույց կտան, թե որքանով է ճիշտ հասկացել Փաշինյանը սորոսականի միջոցով արձակված կրակոցը։
Բորիս Մուրազի