Փաշինյանը կկարողանա՞ «Հայկական Մարշալի պլան»-...

Մոսկվայում կայանալիք այսօրվա Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը կարելի է ինչ որ առումով համարել բացառիկ։ Նախ, սա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո առաջին հանդիպումն է այդ ֆորմատով։ Երկրորդ, օրակարգը բավական հետաքրքիր է։

Իհարկե, պաշտոնական Երեւանը սպասվող եռակողմ հանդիպման մասին բավականին ընդարձակ հաղորդագրություն տարածեց, սակայն Կրեմլում ավելի հակիրճ էին, եւ նաեւ կային շեշտադրումներ, որոնք մի փոքր տարբերվում էին Երեւանի եւ Բաքվի կողմից տարածված հայտարարությունների շեշտադրումներից։

Անկախ ամեն ինչից, սակայն այս հանդիպումը, որ տեղի է ունենում պայմանական ասած՝ մինչեւ աշխարհաքաղաքական միջավայրի թարմացումը, կարելի է որակել որպես ուղենիշների ամրագրման հանդիպում, ուղենիշներ, որոնց շրջանակում ապրելու է Կովկասյան ռեգիոնն, ամենայն հավանականությամբ, առաջիկա շրջանում։ Իսկ ինչ կարելի է սպասել այս հանդիպումից։ Այն, որ այս հանդիպումը կարեւոր է, ինքնին կասկածի տեղիք չի տալիս․ Մոսկվան հենց այնպես ոչինչ չի անում։ Այնպես չէ, որ այն ուղենիշները, որոնք ուղեգծվելու են, լիովին համապատասխանելու են Հայաստանի շահեին։ Ավելին, դրանք նաեւ Ադրբեջանի շահերին չեն համապատասխանելու։ Ավելի անկեղծ՝ դրանք համապատասխանելու են Ռուսաստանի շահերին։ Սա իրականություն է։ Ու հայկական դիվանագիտությունը պետք է կարողանա այս իրականության մեջ այնպես աշխատի, որ նյուանսներում ինքը շահող դուրս գա․ ի դեպ, նույն խնդիրը նաեւ ադրբեջանական դիվանագիտության առաջ է դրված եւ սա մի տեսակ յուրօրինակ դիվանագիտական մարաթոն է լինելու։ Ռուսաստանը կարողանում է իր խաղն առաջ տանել, ու աշխարհի վերադասավորման ներկա փուլում կարողանում է Կովկասի վերադասավորումը այնպես կազմակերպել, որ այսպես ասած՝ առավելագույնը կարողանա պոկել իր համար առաջիկա տասնամյակների կտրվածքով։

Հայաստանի համար, հիմա առաջնահերթը ոտքի կանգնելն ու վերքերը ամոքելն է։ Արդեն բազմիցս ասել ենք, պատերազմի վերքերը ամոքելու համար, մարդկայինը հասկանալի է, որ անամոքելի է, սակայն նյութական վերքերը ամոքելու համար պետք է այսպես ասած՝ «Հայկական Մարշալի պլան»։ Երեւանի թիվ մեկ խնդիրը պետք է լինի այդ պլանի, կամ դրա նախադրյալների ապահովումը։ Եթե Երեւանը կարողանա այս խնդիրը լուծել, որպես կարճաժամկետ նպատակ, ապա կարող ենք ասել, որ հաջողել է, իսկ եթե չկարողանա, ապա պետք է միմիայն իրեն մեղադրի։