«Քաղաքական և բարոյական փակուղի»․ Անկարան արձա...

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթին Դուրանը դատապարտել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արված հայտարարությունը՝ այն որակելով անընդունելի և վիրավորական։

Ինչպես հաղորդում է  «Անադոլու» գործակալությունը, Դուրանն այս մասին գրել է թուրքական NSosyal սոցիալական հարթակում։

Թուրք-իսրայելական հերթական բանավեճը ծագել է Անթալիայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով COP31 համաժողովի առաջնորդների գագաթնաժողովում Էրդողանի ելույթից հետո։

Թուրքիայի նախագահը Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները բնութագրել է որպես ցեղասպանություն՝ անդրադառնալով նաև դրանց բնապահպանական հետևանքներին։

Ի պատասխան՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Էրդողանին՝ նրան անվանելով բռնապետ և մեղադրելով Իսրայելի դեմ ապատեղեկատվական արշավ իրականացնելու մեջ։

Արձագանքելով իսրայելական կողմի հայտարարությանը՝ Դուրանը նշել է, որ նման արտահայտություններն արտացոլում են Իսրայելի ղեկավարության քաղաքական և բարոյական փակուղին։

«Իսրայելի արտաքին գործերի նախարարության՝ մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցրած ցածրորակ և անթույլատրելի արտահայտությունները ևս մեկ վկայություն են այն քաղաքական և բարոյական փակուղու, որում հայտնվել է Իսրայելի ղեկավարությունը։ Գազայում իրականացվող ցեղասպանության և բնապահպանական աղետի համար պատասխանատվություն կրելու փոխարեն նրանք դիմում են վիրավորանքների և քարոզչության»,– հայտարարել է Դուրանը։

Նա ընդգծել է, որ COP31-ի առաջնորդների գագաթնաժողովում Էրդողանն ուշադրություն է հրավիրել ոչ միայն Գազայի հատվածում ստեղծված հումանիտար իրավիճակի, այլև ռազմական գործողությունների բնապահպանական հետևանքների վրա։

«Մեր նախագահը COP31-ի առաջնորդների գագաթնաժողովում ուշադրություն է հրավիրել Գազայում տեղի ունեցող հումանիտար աղետի, ինչպես նաև դարավոր ձիթենիների ոչնչացման, ջրային ռեսուրսների աղտոտման և քաղաքների՝ ավերակների վերածման վրա»,– նշել է նա։

Դուրանը վերահաստատել է պաղեստինցիներին աջակցելու Անկարայի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ Թուրքիան շարունակելու է հանդես գալ երկու պետությունների սկզբունքի հիման վրա հակամարտության կարգավորման օգտին։

«Մենք՝ որպես Թուրքիա, մեր նախագահի ղեկավարությամբ շարունակելու ենք վճռականորեն աջակցել պաղեստինցի ժողովրդի ազատության, արդարության և անկախության համար պայքարին, բարձրաձայնել նրա նկատմամբ իրականացվող ճնշումների մասին և աշխատել երկու պետությունների սկզբունքի հիման վրա կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ»,-հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավարը։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ևս քննադատել էր Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ այն որակելով «ստոր և անպարկեշտ զրպարտություն»։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել էր, որ իսրայելական կողմի հայտարարությունները իրականությունը թաքցնելու անհաջող փորձ են՝ վերահաստատելով պաղեստինցիներին աջակցելու Անկարայի դիրքորոշումը։