Էրդողանը COP31-ի շրջանակում բանակցություններ...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անթալիայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել Իրանի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Վրաստանի նախագահների, Սուդանի Ինքնիշխան խորհրդի նախագահի, ինչպես նաև Լիբիայի Ազգային միասնության կառավարության վարչապետի հետ։

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Հանդիպում Իրանի նախագահի հետ

Էրդողանը COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը, Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթին Դուրանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Հասան Դողանը, ինչպես նաև արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում։

Հանդիպում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահի հետ

Թուրքիայի նախագահը հանդիպել է նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Չիսեկեդիի հետ։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության տարածած հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 12-ին կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են թուրք-կոնգոյական հարաբերությունները և տարածաշրջանային օրակարգի հարցերը։

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև գործընկերությունը զարգանում է բոլոր ոլորտներում։

Նրա խոսքով՝ կողմերը շարունակելու են քայլեր ձեռնարկել համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով առևտրին, տրանսպորտին և պաշտպանական արդյունաբերությանը։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան աջակցում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքային ամբողջականությանը և հույս է հայտնել, որ երկրում կհաստատվի կայուն և երկարատև խաղաղություն։

Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը, ինչպես նաև Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։

Հանդիպում Սուդանի Ինքնիշխան խորհրդի նախագահի հետ

Էրդողանը հանդիպել է Սուդանի Ինքնիշխան խորհրդի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Բուրհանի հետ։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության տեղեկացմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Սուդանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցեր։

Էրդողանը հայտարարել է, որ երկու երկրները շարունակելու են քայլեր ձեռնարկել հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

Նա կարևորել է տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ հատկապես պաշտպանական արդյունաբերության, ներդրումների և գյուղատնտեսության բնագավառներում։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան շարունակում է աջակցել Սուդանի միասնությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը։

Նա նաև նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Սուդանում տեղի ունեցող զարգացումներին և աջակցում է երկրում խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնությանը։

Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթին Դուրանը, «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, նախագահի աշխատակազմի ղեկավար Հասան Դողանը և արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Հանդիպում Լիբիայի Ազգային միասնության կառավարության վարչապետի հետ

COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահը հանդիպել է Լիբիայի Ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդելհամիդ Դբեյբայի հետ։

Բանակցություններին մասնակցել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթին Դուրանը։

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չեն ներկայացվել։

Հանդիպում Վրաստանի նախագահի հետ

Թուրքիայի նախագահը հանդիպել է նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։

Հանդիպումը կայացել է Անթալիայում անցկացվող COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում։

Բանակցություններին մասնակցել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթին Դուրանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Հասան Դողանը, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, ինչպես նաև Թուրքիայի նախագահին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի նախագահի տեղակալ Չաղրը Էրհանը։

Թուրքական կողմը հանդիպման օրակարգի և քննարկումների արդյունքների վերաբերյալ այլ մանրամասներ չի հրապարակել։