ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։
Վարչապետը կարեւորել ՀՀ-ԵՄ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը տնտեսության, առեւտրի, ներդրումների, էներգետիկայի եւ այլ ուղղություններով: Նա հիշեցրել է, որ մեր երկիրն աշխարհի տնտեսական ազատության ինդեքսում 165 երկրների շարքում 11-րդ հորիզոնականում է։
Կառավարության ղեկավարն ընդգծել է Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում մեր երկրում ժողովրդավարության զարգացման, արդարադատության, տնտեսության եւ այլ ուղղություններով իրականացվող բարեփոխումների փաստը, կարեւորել նաեւ ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական եւ ներդրումային փաթեթի արդյունավետ իրականացումը:
«Վարչապետը զրուցակիցներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումն ու դիտարկումները: Կարեւորվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը եւ ընդգծվել վերջինիս դերը կայունության եւ անվտանգության ամրապնդման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատմանն ու սահմանային անվտանգությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, մտքեր են փոխանակել նաեւ հայ-թուրքական երկխոսության շուրջ: