
Մեր երազանքի կետն այն էր և շարունակում է մնալ այն, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը նշանակի արդարություն ու պետք է խոստովանել, որ չենք հասել այս կետին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Այստեղ կանխատեսում եմ արդեն իսկ ավանդական դարձած քննադատությունը, թե բաց ենք թողել դատավորների վեթինգի հնարավորությունը։ Այս քննադատությունն իրականում տեղին չէ՝ երկու պատճառով։
Նախ, ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության ժամանակ մենք պարտավորվել ենք, որ բոլոր պաշտոնյաները պետք է նոր Հայաստանում դրսևորվելու, իրենց ուժերը ներդնելու շանս ունենան և ճշգրիտ հավատարիմ ենք մնացել այդ խոստումին։ Եվ հետո Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտավորապես 60%-ով նշանակվել է 2018 թվականից հետո։ Նաև չմոռանանք, որ մենք բառիս բուն իմաստով զրոյից նոր հակակոռուպցիոն դատարան ենք ստեղծել՝ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններով։ Բայց ինչքան էլ դժվար լինի խոստովանել, հակակոռուպցիոն դատարանի հանրային ընկալումները հաճախ չեն տարբերվում մեր մնացած դատարանների ընկալումներից։ Սա մեզ պիտի հուշի, որ խնդիրները և դրանց լուծումներն այնքան էլ պարզ չեն, որքան կարող է թվալ, և վարչապետի պաշտոնից իմ յոթ տարվա դիտարկումների համաձայն, այս խնդիրներն առաջին հերթին կապված են այն իրավաբանական մենթալիտետի և կրթության հետ, որ երկար տարիներ հաստատվել է Հայաստանում»,-ասաց Փաշինյանը: