Փաշինյանը ճանապարհ/միջանցք տալու է Ադրբեջանին...

Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերում պատասխանեց լրագրողների և հասարակական կազմակերպությունների հարցերին։ Միանգամից պետք է նկատել, որ նախապես ուղարկված հարցերը զտված էին և Փաշինյանը պատասխանեց միայն իր սրտին մոտ գտնվող լրատվամիջոցների հարցերին, իսկ իրեն քննադատող լրատվամիջոցների հարցերից անգամ մեկ հարց չհնչեց։ Սա որպես արձանագրում։

Իսկ ինչ էր ասում Փաշինյանը և ինչ նպատակով էր բեմադրվել մեկ դերասանի մասնակցությամբ այս ներկայացումը։ Այս ներկայացման ամբողջ նպատակն այն էր, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք հանդիպումից առաջ հանրությանը տեղեկացնի, որ գնալու  է և ստորագրելու է փաստաթուղթ, որով  Ադրբեջանին ճանապարհի անվան տակ միջանցք է հանձնելու․ «Այո, Ադրբեջանը պետք է ստանա ճանապարհ՝ ավտոմոբիլային և երկաթուղային: Տվյալ դեպքում Նախիջևանի մասին չէ իրականում խոսքը, տվյալ դեպքում Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է խոսքը, այսինքն՝ մեծ միջազգային ճանապարհի մասին է խոսքը:Կարծում եմ, որ այդտեղ էլ ՀՀ-ն շահագրգռվածություն ունի: Երբ նայում ենք Ադրբեջան-Նախիջևան, թվում է, թե դա Ադրբեջան-Նախիջևան կապն է, բայց դա իրականում նոր միջազգային ճանապարհի մասին է: Եվ, բնականաբար, ՀՀ-ն պետք է շահագրգիռ լինի, որ նոր միջազգային ճանապարհն անցնի իր տարածքով»,-ասաց նա:

Փաշինյանն անընդհատ հղում է անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և նշում, որ այդ հայտարարության մեջ միջանցք տերմին չի օգտագործվել, սակայն մոռանում է հիշել, որ ըստ այդ հայտարարության ճանապարհների  վերահսկելու է ՌԴ ԱԴԾ-ն։ Նման ճանապարհը շատ չի տարբերվում միջանցքից։ 

Փաշինյանը մեկ այլ արձանագրում ևս արեց։ Նա հայտարարեց, որ ամեն անգամ զիջման գնալիս մենք չենք կարող վստահ լինել, որ Ադրբեջանը նոր զիջումներ չի պահանջելու։ 

Ստացվում է Փաշինյանն ասում է, որ ճանապարհ/միջանցք տալու է Ադրբեջանին, բայց դա վերջը չէ ու չդժգոհեք, երբ նոր զիջումներ անելու կարիք լինի, քանի որ ինքը նախապես զգուշացրել է։