Սեպտեմբերի 11-ին, կեսօրին, ժամը 12։15-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը՝ «Վարչապետի աշխատակազմից հաստատում են. Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրայինին, այն կհեռարձակվի այսօր երեկոյան» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որով տեղեկացնում էր, որ Փաշինյանը հարցազրույց է տվել։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հաստատել էր, որ հարցազրույցն արդեն նկարահանվել է, անգամ նշել է, թե վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ինչ թեմաներից է խոսել․ «Խոսվել է հարցերի լայն շրջանակի մասին՝ ԼՂ խնդիրներից մինչեւ Երևանի ավագանու ընտրություններ»,-ասել էր Չախոյանը։
Ի հակառակ «Հայկական Ժամանակ»-ի տեղեկատվության, երեկոյան Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում անցկացվեց Փաշինյանի հարցազրույցը։ Զրույցը սկսվեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անցկացրած հանդիպումից, ինչը նշանանակում է, որ եթե անգամ այն ուղիղ եթեր չի եղել, առնվազն նկարահանվել է 22։00-ից հետո։ Հիշեցնենք, որ «Հայկական Ժամանակ»-ը կեսօրին գրել էր, որ Փաշինյանն արդեն հարցազրույց է տվել, անգամ նախանշված էին թեմաները։
Կառավարության մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը երկու անգամ է հարցազրույց տվել։ Առավոտյան նկարահանվածը եթեր չի գնացել, քանի որ Էրդողանի հետ զրույցը փոխել է իրերի դրությունը և Փաշինյանը ստիպված է եղել արդեն երեկոյան ուղիղ եթերում հարցազրույց տալ, որպեսզի բավարարի այն պահանջները, որն իր առաջ դրած է եղել Թուրքիայի նախագահ Էրդողանը։



