Փաշինյանը՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հայկական ե...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է լուրերին, որ Ադրբեջանը քանդել է Լեռնային Ղարաբաղում հայկական ամենամեծ  եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը։

 Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ընդգծել է, որ այս պահին Կառավարությունը փորձում է ամբողջացնել այդ տեղեկատվությունը, սակայն հավելել է, որ նման թեմաների նկատմամբ, առավել ևս այս փուլում, պետք է լինել շրջահայաց։

«Այս թեմաների նկատմամբ, առավել ևս հիմա, պետք է լինել շրջահայաց, որովհետև նման թեմաները երկսայրի սուր են, և ինչպես Նոր կտակարանն է ասում իր ընթերցողներին՝ «դատվելու եք նույն դատով, ինչ դատով դատելու եք, և  չափվելու եք այն նույն չափով, ինչ չափով չափելու եք»։ Այնպես որ, մենք կնայենք, կվերլուծենք։ Չեմ կարծում, թե մենք, մեր նախորդ փորձը հաշվի առնելով, դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով, սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանանք»,- նշել է վարչապետը։

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ մշակութային ժառանգության ոչնչացումն ավելի շատ թշնամանքի դրսևորում է, քան խաղաղությանը միտված քայլ՝ Փաշինյանն ասել է.

«Ես ասել եմ, թե որն է խաղաղության իմ չափանիշը։ Արդեն երկու տարի է՝ Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով մարդիկ չեն զոհվում, չեն վիրավորվում, Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Եվ մենք՝ Հայաստանը և Ադրբեջանը, որևէ հարցի պետք է վերաբերվենք այս տեսակետից»։

Վերջին օրերին, հիմնվելով արբանյակային լուսանկարների վրա, լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում քանդել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։