Փաշինյան ընտանիքի համար պետական համակարգը դարձել է ընտանեկան հիմնարկի նման մի բան։ Իշխանափոխության առաջին փուլում Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ ամենաչնչին հնարավորության դեպքում պաշտոնների է տեղավորում իր եղբոր որդուն, աներորդուն, անգլերենի ուսուցչին, իր ընտանիքին պատկանող թերթի աշխատակիցներին։
Հիմա արդեն Փաշինյանները փորձում են ՏԻՄ-երում իրենց ազգական, բարեկամններին տեղավորել։ Փաշինյանի իշխանությունն արեց ամեն բան, որպեսզի Իջևանի քաղաքապետը հրաժարական տա։ Նպատակը մեկն էր՝ քաղաքապետ դարձնել Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանին։ Փաշինյանի քավորն արդեն Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է, իսկ առաջիկա ընտրություններում իշխանությունները կանեն ամեն բան, որպեսզի նա «ժողովրդի կամքով» դառնա քաղաքապետ։
Բայց Իջևանում վարչապետ Փաշինյանի վարկանիշը բավական նվազել է։ Պատճառը անտառահատների բողոքի ակցիան ոստիկանական ուժերով ճնշելն ու տասնյակ քաղաքացիների ձերբակալությունն էր։ Իշխանությունները հասկացել են այս վտանգը և ընտրություններից առաջ, ըստ մամուլի հրապարակումների, արդեն իսկ ազատ են արձակել բոլոր կալանավորվածներին, բայց միայն սա բավարար չէ, որպեսզի Նիկոլ Փաշինյանի քավորը դառնա քաղաքապետ։
Նիկոլ Փաշինյանն իր եղբորորդուն՝ Սիփան Փաշինյանին գործուղել է Իջևան։ Պատահական չէ, որ Սիփան Փաշինյանը տարբեր գործարարների հաշվին սկսել է լուսավորել Իջևան քաղաքի փողոցները և ձեռի հետ էլ գովազդում է հորեղբոր քավորին՝ Հայկ Ղալումյանին։ Նախկինում ընտրություններից առաջ նման բարեգործությունը կդիտարկվեր ընտրակաշառք, իսկ հիմա այն ներկայացվում է, որպես հայրենանվեր գործ։



