Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների ԱԳ նախարար...

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Կասպար Վելդկամպի  այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության դինամիկ բնույթը:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել նաև տնտեսության և այլ ոլորտներում կապերի հետագա ընդլայնման ուղղությամբ:

ՀՀ վարչապետը շեշտել է Նիդեռլանդների դերը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացման գործում: 

Կասպար Վելդկամպը նշել է, որ երկու երկրների ԱԳՆ-ների միջև ձևավորվել է փոխվստահության վրա հիմնված սերտ համագործակցություն: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի և Նիդեռլանդների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները: Միաժամանակ, նա հավելել է, որ Նիդեռլանդները շարունակելու է նպաստել ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացմանը, այդ թվում՝ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ 

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: