Փաշինյանն անգամ չհամբերեց, որ ոգևորված ու հիա...

Վարչապետ Փաշինյանն անգամ չհամբերեց, որ ոգևորված ու հիացած հանդիսատեսի ծափերն ավարտվեն, ընդհատեց, որ իր պատկերացրած «Իրական Հայաստանի» քարոզը սկսի. «Ներկայացումը չտվեց հարցի պատասխանը, մեր ռազմավարությունը տալիս է հարցի պատասխանը, մեր ռազմավարությունը տալիս է Թևոսի և Մինասի հարցի պատասխանը»: Այս մասին գրում է «Ազատություն»-ը:

Նիկոլ Փաշինյանը կիրակի Բյուրական էր հասել «Ցանկապատ» ներկայացումը դիտելու, որ Ստեփան Զորյանի պատմվածքի մոտիվներով է բեմադրվել: Ներկայացումը Փաշինյանը հավանել էր, ուղերձը՝ կարծես չէր հասկացել: Չթողեց, որ դերասանները բեմից հեռանան, տեղում պահանջեց բացատրել՝ ինչ են ուզում ասել շարքային հանդիսատեսին:

Ներկայացումը հարևաններ Մինասի ու Թևոսի պապական կռվի մասին է , որ ամեն տարի բորբոքվում է մի փոքր հողակտորի համար, երբ հարևանները փորձում են ցանկապատն ուղղել՝ յուրաքանչյուրն իր օգտին: Հարևանների վեճին վերջ է դնում պատերազմը, երկուսն էլ բռնում են գաղթի ճամփան, ցանկապատն էլ քանդում: Նիկոլ Փաշինյանն ասում էր պատմությունից իր հետևությունն արել է մինչև ներկայացումը, բայց պահանջում էր մյուսներին էլ ուղիղ ասել՝ ինչ հետևություն անեն:

«Գիտեք՝ ինչ մեր ներկայացումներն ու այս կարգի բեմադրությունները միշտ ավարտվում են ինչ-որ անորոշ ու հուզական ուղերձով: Տենց էլ չենք հասկանում՝ այնուամենայնիվ, լավ, այս ամեն ինչից հետևությունը որն է», - ասում է Փաշինյանը:

Հանդիսատեսը ներկայացումից չի հեռանում կոնկրետ լուծումներով ու բոլորի համար պարտադրված ուղերձով, դա քարոզչություն է, ասում է հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը:

Թոխատյանը դիտել է Փաշինյանի հայտնի տեսանյութը ու այդպես էլ չի հասկացել՝ ինչ էր նրա ուզածը: «Ես ինձ համար եմ հետևություն արել: Գիտեք՝ ինչ, հնարավոր է, որ չհամընկնի մնացած հանդիսատեսի, կամ ոմանց հետ, կամ դերասանների հետ: Բայց ես իմ հետևությունն եմ արել ու դա ես ինքս տարել եմ տուն, կիսվել եմ իմ ընկերների հետ, դա է ավելի կարևոր, քան այդպես մասայական ուղղություն տալ, հատկապես ուղղություն տալ արվեստագետին, չեմ կարծում, որ դա ճիշտ է», - ասում է դերասանը:

Հանդիսատեսը, եթե նույնիսկ երկրի ղեկավարն է, կարող է կարծիք հայտնել, անգամ իր դժգոհությունը, բայց ստեղծագործող մարդկանց ուղղորդելու իրավունք չունի, -ա սում է Թոխատյանը. «Ինքն անգամ սկսնակ արվեստագետին պետք է ուղղություն չտա»: