Հայ-ռուսական հարաբերությունները կարծես անցնում են անդառնալիության կետը։ Հայաստանի իշխանությունների սադրանքի արդյունքում երկկողմանի հնչում են մեղադրանքներ և վիրավորանքներ, որոնք երբեք չեն եղել մեր երկրների հարաբերությունների պատմության ընթացքում։
Արդեն հասկանալի է, որ իշխանությունները ծրագրավորած են գնացել այս սադրանքին ու նպատակը հարաբերությունների լարումն ու դրա հաշվին Արևմուտքից որոշակի դիվիդենտներ ստանալն է։ Այստեղ իհարկե բացակայում է Հայաստանի շահը, կա միայն անձամբ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ը վերնախավի շահը։
Հայաստանի իշխանություններն այնքան հեռուն են գնացել, որ սովորաբար արտաքին հարաբերությունների հրապարակային հատվածում իրեն մշտապես զուսպ դրսեւորող Ռուսաստանի Դաշնությունը առաջին դեմքերի մակարդակով արդեն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի իշխանությունների հասցեին։
Հայաստանի իշխանությունների հակառուսական քայլերի մասին խոսեց անգամ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Առաջին անգամ փաստորեն Լավրովն ընդունեց, որ ի սկզբանե Փաշինյանը իշխանության է եկել հակառուսական ծրագրով․ «Ինչ վերաբերում է նրան, որ սպառնում են դուրս գալ ՀԱՊԿ-ից, այնտեղ շատ քաղաքական գործիչներ կան, որոնք իրենց թույլ են տալիս բավական ամբարտավան հայտարարություններ անել Ռուսաստանի հասցեին, մենք դա տեսնում ենք։ Դա բոլորովին էլ երեկ չի սկսվել. Մենք հիշում ենք, որ երբ պարոն Փաշինյանը դեռեւս իշխանությունում չգտնվող քաղաքական գործիչ էր և ոտքի էր հանում հայ ժողովրդին, նրա կարգախոսներից մեկն այն ժամանակ ՀԱՊԿ-ից և նույնիսկ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին հայտարարությունն էր։ Շատերը դա պայմանավորում էին պարզապես ընտրարշավով, ձայների համար պայքարով։ Հետագայում պարոն Փաշինյանը նման մտքեր չի արտահայտել, այդ թվում՝ Երեւանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ»,- ասել է Լավրովը՝ լրագրողի հարցին ի պատասխան։
Նախկինում եւս Փաշինյանի հասցեին հնչել են մեղադրանքներ իր նախահեղափոխական գործունեության մասով, բայց սա առաջին անգամ է, որ խոսվում է նման բարձր մակարդակով։
Լավրովը գերտերության Արտաքին գործերի նախարարն է, արտաքին քաղաքականության հիմնական դեմքը եւ եթե նա խոսում է անձամբ Փաշինյանի հակառուսականության մասին, ապա դա նշանակում է, որ նրան լավ օրեր չեն սպասվում։
Ցավալին միայն այն է, որ Փաշինյանը դժբախտաբար Հայաստանի վարչապետի պաշտոնն է զբաղեցնում եւ իր նկատմամբ գործողություններից վնասվելու է նաեւ Հայաստանը։ Ցավալի է, բայց աշխարհաքաղաքական խաղի կանոները այդպիսին են։ Եթե չենք ուզում կրել Փաշինյանի արկածախնդրության պատասխանատվությունը, ապա մինչեւ իքս ժամանակի գալը ժողովուրդը պետք է նրան դուրս շպրտի կառավարական կաբինետից։